Կատարը սկսել է զգուշորեն դիտարկել այն պահանջները, որոնք ներկայացրել են Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները․ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Կատարի համար դժվար կլինի իրագործել որոշ տարրեր, այդուհանդերձ, դրանք կարևոր ոլորտներ են, որոնք կարգավորման տանող երկխոսության հիմք են ստեղծում:
Երկրներից յուրաքանչյուրի կողմից հաջորդ արդյունավետ քայլը կլիներ միասին նստելն ու այս երկխոսությունը շարունակելը։ Հավատացած ենք՝ մեր դաշնակիցներն ու գործընկերներն ավելի ուժեղ են, երբ միասին են աշխատում մեկ նպատակի ուղղությամբ, որն է՝ կանգնեցնել ահաբեկչությունն ու պայքարել ծայրահեղականության դեմ։ Ներգրավված յուրաքանչյուր երկիր այդ ջանքերին անելիք ներդրում ունի։ Հռետորաբանության մեղմացումը նույնպես կօգնի լարվածության նվազեցմանը։ ԱՄՆ-ը շարունակելու է սերտ շփումներ պահպանել բոլոր կողմերի հետ և շարունակելու է աջակցել Քուվեյթի էմիրի միջնորդական ջանքերին։
Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզած արաբական չորս երկրներ 13 պահանջից բաղկացած ցանկ են ներկայացրել Դոհային։ Պահանջների թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակում, տարածաշրջանային հակառակորդ Իրանի հետ կապերի կրճատում, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցում և այլն։
«Ոչ ողջամիտ, ո՛չ էլ՝ իրագործելի»․ Դոհա
Ինչպես հաղորդում է Аl Jazeera-ն, Դոհան մերժել է պահանջները՝ դրանք որակելով «ո՛չ ողջամիտ, ո՛չ էլ՝ իրագործելի»։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը ցանկը ստացել է հունիսի 22-ին։
«Պահանջների այս ցանկը հաստատում է այն, ինչ Կատարն ասել է ի սկզբանե՝ ապօրինի շրջափակումը ահաբեկչության դեմ պայքարի հետ որևէ առնչություն չունի․ այս ամենը վերաբերում է Կատարի ինքնիշխանությունը սահմանափակելու և մեր արտաքին քաղաքականության վարումն այլոց փոխանցելու հարցին»,- հայտարարել է Կատարի կառավարության հաղորդակցության գրասենյակի ղեկավար Շեյխ Սաիֆ Ահմեդ Ալ Թանին։
Կատարական կողմը նաև հայտարարել է, որ ներկայում ուսումնասիրում է պահանջները՝ պատշաճ արձագանք նախապատրաստելու և այն Քուվեյթին հանձնելու նպատակով։
Բահրեյնի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացրած պահանջները քննադատել է նաև ԱՄՆ-ում Կատարի դեսպան Մեշալ բին Համադ Ալ Թանին՝ գրելով, որ պահանջների ցանկը հստակ ցույց է տալիս, որ «վեճը չի վերաբերում ահաբեկչական սին մեղադրանքներին․ դա ազատ մամուլն ու խոսքի ազատությունը ճնշելու փորձ է»։
The list of demands circulated in media clearly indicates that this dispute is not about our neighbors false terrorism allegations 1/2
— Meshal Hamad AlThani (@Amb_AlThani) June 23, 2017
The list is an attempt to suppress free media & freedom of speech. And infringe upon our sovereignty & punish Qatar for its independence.2/2
— Meshal Hamad AlThani (@Amb_AlThani) June 23, 2017
«Դա ոտնձգություն է մեր ինքնիշխանության դեմ և Կատարին իր անկախության համար պատժելու փորձ»,- գրել է դեսպանը։
Պահանջների ցանկն անօրինական է՝ ոչ մի դուրսբերո՛ւմ․ Էրդողան
Ինչպես նշվեց, Դոհային ներկայացված պահանջների թվում է նաև Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումն ու Կատարում թուրքական ռազմակայանի փակումը։ Հարցը մեկնաբանել է Թուրքիայի նախագահը։ Նրա կարծիքով՝ թուրքական ուժերը դուրս բերելու կոչն «անհարգալից է, և Դոհան ճիշտ մոտեցում է որդեգրել»։
«Մենք հավանություն ենք տալիս և գնահատում Կատարի վերաբերմունքը 13 պահանջների ցանկին,- Reuters-ը մեջբերում է Էրդողանին։- Այս 13 պահանջի մոտեցումը միջազգային իրավունքի դեմ է, քանի որ չի կարելի միջամտել երկրի ինքնիշխանությանը»։
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը, Եգիպտոսը և Եմենը խզեցին դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և Իրանի հետ մերձենալու մեջ։
Ծոցի ճգնաժամի սկսվելուց ի վեր Թուրքիան աջակցում է Կատարին՝ ուղարկելով սնունդ և Կատարում տեղակայելով զորակազմ։ Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծի, որը թույլ է տալիս Կատարում՝ թուրքական ռազմակայանում, թուրքական զորակազմ տեղակայել։
Էրդողանը նկատել է, որ Թուրքիան առաջարկել է ռազմակայան տեղադրել նաև Սաուդյան Արաբիայում, սակայն երբեք «հստակ պատասխան չի ստացել»։
«Եթե Սաուդյան Արաբիան ցանկանում է, որ մենք այնտեղ էլ ռազմակայան ունենանք, այդ ուղղությամբ էլ կարելի է քայլ ձեռնարկել,- լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։- Ես այդ առաջարկն արել եմ թագավորին, և նրանք ասացին, որ կդիտարկեն այդ հարցը։ Սակայն այդ օրվանից ի վեր մեզ չեն արձագանքել»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին Սաուդյան Արաբիային կոչ է արել հարգել Թուրքիայի և Կատարի միջև ռազմական համագործակցության շուրջ համաձայնագիրը և ուղղել ռազմակայանի փակման պահանջ ներկայացնելու սխալը։
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան շարունակելու է ներդրում ունենալ խնդրի կարգավորման գործում և «շարունակելու է շեշտադրել ճիշտն ու սխալը»։
«Թուրքիայի պարտավորությունն է՝ բարձրաձայնել այդ ճիշտն ու սխալը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ստելլա Մեհրաբեկյան