Ադրբեջան. «Նարդարանի գործով» ակտիվիստների ծանր դատավճիռը

 

Ադրբեջանում ավարտվել է «Նարդարանի գործով» շիա պահպանողական կրոնական ակտիվիստների դատավարությունը։ Բոլոր 17 մեղադրյալները դատապարտվել են մինչեւ 20 տարվա ազատազրկման: Eurasianet.org-ում հոդվածագիր Մայք Ռունին (Mike Runey) անդրադառնում է այս թեմային։

«Նարդարանի գործի» մասին

«Նարդարանի գործը» սկիզբ է առնում դեռ  2015-ից, երբ այդ տարվա նոյեմբերի 26-ին Բաքվի մոտ՝ Նարդարան ավանում, Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն իրականացրին «սահմանադրական կարգը փոխել ծրագրողների դեմ»՝ ձերբակալելով 14 մարդու։ Նարդարանում ձերբակալվածների թվում էր ադրբեջանցի հեղինակավոր իսլամական գործիչ Թալե Բաղիրզադեն։ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ խմբավորման առաջնորդները «պատրաստվում էին բռնի կերպով փոխել երկրի սահմանադրական կարգն ու սահմանել շարիաթի նորմեր, ինչի նպատակով ստեղծվել է «Մուսուլմանական միասնություն» շարժումը»: Շարժումը կողմնակիցներ էր հավաքագրել Բաքվում և երկրի այլ շրջաններում՝ նրանց զինելով պայթուցիկ նյութերով և զենք-զինամթերքով:

 Խումբն, ըստ Ադրբեջանի իրավապահների, Նարդարանում անցկացրել էր ապօրինի հավաքներ՝ քննարկելով անհնազանդության ակցիաների կազմակերպումն ու բնակչությանը բաժանելով թռուցիկներ, կազմվել էր պաշտոնյաների ցանկ, որոնց դեմ ահաբեկչական գործողություններ էին ծրագրվում: Օպերացիայի ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվականների, խմբավորման անդամները զինված դիմադրություն են ցուցաբերել, արդյունքում զոհվել էր վեց մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ (Նարդարանի դեպքերի մասին հոդվածը 

Հինգ ժամ տևող դատավճիռ

2015-ի ճգնաժամից մեկ շաբաթ անց, ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին իր ֆեյսբուքյան գրառման մեջ քննադատեց պետության արձագանքը և Նարդարանում տեղի ունեցած անկարգությունների համար մատնանշեց ենթադրյալ սոցիալական պայմանները Նարդարան քաղաքում, որը համարվում է կրոնական պահպանողականության միջնաբերդը։

Ղահրամանլին նույնպես ձերբակալվեց և հունվարի 25-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:

Դատարանում գտնվող լրագրողները, լսելով հինգ ժամ տևած դատավճռի ընթերցումը,  հաղորդեցին, որ չնշվեց ոչ մի էական ապացույց՝ Ղահրամանլիի ֆեյսբուքյան գրառումներից բացի, որոնք դեռեւս առցանց են եւ շատ քիչ են հիշեցնում դատախազության կողմից նկարագրված անկարգությունների կոչեր:

Դատավարության եզրափակիչ օրը ոստիկանությունը անկարգություններ էր ակնկալում, որոնք այդպես էլ տեղի չունեցան, քանի որ հարյուրավոր ցուցարարները, ովքեր մնացել էին լսելու դատավճիռը, հիմնականում վանկարկում էին կրոնական կարգախոսներ, իսկ ամբաստանյալների մայրերը հարցազրույցներ էին տալիս տեղացի լրագրողներին:

Իրավապաշտպանների կարծիքով, դատավարությունը տեղի ունեցավ կանխորոշված սցենարով։ Վկայության երկարատեւ օրերի ընթացքում պետությունը մեղադրյալներից ստացված խոստովանություններից բացի՝ քիչ ապացույցներ ներկայացրեց ամբաստանյալների դեմ մեղադրանքները հիմնավորելու համար։ Դատավարությունից դուրս անկախ դիտորդները կասկածի տակ են առնում ամբաստանյալների՝ խոշտանգումների միջոցով կորզված խոստովանությունները։

Մինչդեռ ոստիկանության վկաների ցուցմունքները հաճախ շփոթեցուցիչ էին եւ հակասական: Առնվազն երկու դեպքերում ոստիկանության աշխատակիցները չկարողացան հետեւողական ներկայացնել, թե երբ եւ որտեղ են ձերբակալել ամբաստանյալներին՝ այդպիսով ցույց տալով, որ առնվազն մի քանի կասկածյալ ձերբակալվել է անհիմն կերպով։

Մի պահ ամբաստանյալներից շատերը հացադուլ հայտարարեցին, քանի որ նրանց արգելվել էր ներկա գտնվել իրենց իսկ դատավարությանը։

«Դատավճիռը անօրինական էր եւ անարդար»,- գրել է դատապաշտպան իրավաբան Յալչին Իմանովը EurasiaNet.org-ին տված հարցազրույցում: «Այս վճիռը չի համապատասխանում Սահմանադրությանը, օրենսդրությանը կամ Ադրբեջանի Հանրապետության քրեական կամ այլ օրենքներին: Դատարանի որոշումը հիմնված էր ապացույցների վրա, որոնք չեն ներկայացվել դատարանում»:

Օրինակները, երբ քաղաքական հայտնի ակտիվիստները փոքր իրավախախտումների համար դատապարտվել են երկարատեւ ազատազրկման, շատ են։ Հոկտեմբերին, օրինակ, NIDA երիտասարդական շարժման անդամներ Բայրամ Մամեդովը եւ Գիաս Իբրահիմովը դատապարտվել էին 10-ական տարի` Հեյդար Ալիեւի արձանի վրա գրաֆիտի նկարելու համար: Հունվարի 16-ին NIDA-ի մեկ այլ անդամ Էլգիզ Ղահրամանովը դատապարտվել էր 5 ու կես տարի ազատազրկման՝ Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող գրառման համար։ Հաղորդվում է, որ բոլոր երեքը խոշտանգումների են ենթարկվել կալանավորման մեջ գտնվելու ժամանակ, եւ ինչպես նարդարանյան ամբաստանյալները, դատապարտվել էին հիմնականում այնպիսի վկայություններով, որոնցից հետագայում բազմիցս հրաժարվել էին։

Հայտնի ակտիվիստ եւ նախկին քաղբանտարկյալ Անար Մամեդլին գործը որակել է որպես իշխանությունների փորձ` կանխարգելելու «Մուսուլմանական միության» ուժերի միավորումը հիմնական, պատմականորեն աշխարհիկ ընդդիմության հետ:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի