Արմավիրի բանտում թույլ չեն տվել Սեֆիլյանին փոխանցել պատմական Հայաստանի քարտեզը

Այսօր Արմավիրի քրեակատարողական հիմնարկում չեն ընդունել Ժիրայր Սեֆիլյանի համար տարված Արևմտյան Հայաստանի քարտեզը։

Ազատազրկված ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի տիկինը Ֆեյսբուքում գրել է․«ժիրայրը պատմական Հայաստանի քարտեզ էր ուզել. այսօր տարինք, չէին վերցրել ասելով, որ սա հակասում է մեր սահմանադրությամբ նկարված սահմաններին… Ինչ տգիտություն»։

Թեմայի վերաբերյալ գրառում է արել նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ տեղեկացնելով, որ խոսքը Ռաֆայել Թադևոսյանի կողմից 2003թ. հրատարակված Արևմտյան Հայաստանը 1914թ. քարտեզի մասին է: Պաշտոնյայի՝ «քարտեզը հակասում է Սահմանադրությամբ գծված մեր երկրի տարածքներին» պնդման շուրջ Խառատյանը հարցազրումներ է անում․

– Պաշտոնյան կարծում է, որ մեր երկրի Սահմանադրությունը Արևմտյան Հայաստանի որևէ դարի համար գծված սահմաններով քարտե՞զ է հաստատել։

– Պաշտոնյան չի՞ հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Հայաստան չէ։

– Վախեցե՞լ է արդյոք պաշտոնյան Արևմտյան Հայաստան բառերից: Դա խորհրդային, հատկապես ստալինիզմի շրջանին բնորոշ վախ է, այն տարիներին այդ բառերն առանց հեգնանքի արտասանելը հղի էր պատժիչ հետևանքներով։

– Նույնքան կվախենա՞ր արդյոք պաշտոնյան, եթե դա լիներ Արևելյան Հայաստանը 1914թ. քարտեզը: Պետք է ենթադրել՝ այո: Դրա մեջ կլինեին Ղարաբաղը, Նախիջևանը, Կարսը և, իհարկե, դա չէր համապատասխանի մեր երկրի՝ ՀՀ Սահմանադրությամբ գծած սահմաններին։

– Ունի՞ արդյոք պաշտոնյան ցուցակ, թե ի՞նչ կարգի, որ թվին և ում կողմից հրատարակված քարտեզներ կարելի է տալ բանտարկյալներին, և որոնք՝ չտալ։

– Եթե ժիրայր Սեֆիլյանն իսկապես քրեական, ոչ թե քաղաքական բանտարկյալ լիներ, պաշտոնյան նույնքա՞ն կվախենար նրան քարտեզ փոխանցել։

– Առհասարակ կա՞ արդյոք կալանավորների համար արգելված պատմական գրականության կամ քարտեզների ցանկ, ցուցակ։

– Որտեղի՞ց կարելի է այս հարցերի պատասխաններն ստանալ:

Մեկնաբանել