Սեֆիլյանի պաշտպանը չմտավ դատական նիստերի դահլիճ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը: Փաստաբանները մուտք չեն գործում դահլիճ, քանի որ, ինչպես նախորդ դատական նիստին, այսօր ևս փորձում էին նրանց «խուզարկել»:

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը չմտավ նիստերի դահլիճ, քանի որ կարգադրիչներին թույլ չտվեց ստուգել պայուսակի պարունակությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանը նույնպես ներս չմտավ, քանի որ փորձ արվեց ստուգել նրա դրամապանակը:

Ժիրայր Սեֆիլյանը նախորդ դատական նիստին ոտքի չէր կանգնել, իսկ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրան նախազգուշացրել է, որ եթե այսօր էլ նույնը կրկնվի, ապա սանկցիա կկիրառի Սեֆիլյանի նկատմամբ:

Քաղաքացիներին ստուգելու ընթացքում կարգադրիչները նաև գրանցում են քաղաքացիների անձնագրի տվյալները, ինչը, ըստ փաստաբանների, ցուցակագրություն է հետագայում հետապնդումների համար:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է 2014թ. մայիսից մի շարք այլ քաղաքացիների հետ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։