Հայաստանցիների 45 տոկոսը ամեն օր աղոթում է

Հայաստանում բնակչության 95%-ը հավատում է Աստծուն: Pew Research հետազոտական ընկերության 2015-2016-ին աշխարհի 18 երկրում անցկացված «Կրոնական հավատը և ազգային պատկանելությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» հետազոտության համաձայն` hայաստանցիների 45%-ը ամեն օր աղոթում է։ Իսկ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների 2015-ին անցկացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանի բնակչության 94%-ը կրոնը կարևոր է համարում իր ամենօրյա կյանքում։

Հայաստանցիների 45%-ը նշել է, որ ամեն օր աղոթում է, ԱՄՆ-ում՝ 55%-ն է ամեն օր աղոթում, Ռուսաստանում՝ 17%-ը, Վրաստանում՝ 38%-ը, Էստոնիայում՝ 9%-ը։

Չնայած աղոթելուն՝ հայաստանցիները եկեղեցի քիչ են այցելում․ 100 մարդուց 9-ն է նշել, որ ամեն շաբաթ եկեղեցի է այցելում։ Վրաստանում, օրինակ, ամեն շաբաթ եկեղեցի է այցելում 100 մարդուց 17-ը, Ռուսաստանում՝ 6-ը:

2005-ին ընդունված ՀՀ սահմանադրության մեջ նշվում էր՝  Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից: 2015-ի սահմանադրական փոփոխություններով այս դրույթը բացակայում է․

2015թ․ դեկտեմբերին ընդունված Սահմանադրությունում նշվում է․

– Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական  կազմակերպությունների գործունեության ազատությունը:

– Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

– Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

– Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

2015-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (CRRC) անցկացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանի բնակչության 94%-ը նշել է, որ կրոնը կարևոր է իր ամենօրյա կյանքում։

Հայաստանում 10 մարդուց 7-ը նշել է, որ չէր ցանկանա տեսնել այլ հավատքի պատկանող մարդու իր հարևանների մեջ։

Հայաստանցի քրիստոնյաների միայն 5%-ն է նշել, որ պատրաստ կլիներ իրենց ընտանիքում մուսուլման ընդունել։

Հայաստանում ներկայում գործում է 65 կրոնական կազմակերպություն։

ՄԱԿ-ի 1950-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան ասում է․

«Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք, սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»:

Լիլիթ Աբովյան