Վրաստանը զե՞նք է մատակարարում Սիրիայի ընդդիմությանը

Վրաստանը զենք է տրամադրում Սիրիայում պատերազմի կողմերից մեկին․ այսպիսի բացահայտում է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մոտ կանգնած «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որը հետաքննություն է անցկացրել Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման ծրագրի (OCCRP) հետ համատեղ։

Պարզվել է, որ ԱՄՆ-ը արդեն մի քանի ամիս է՝ Alliant techsystems operations ընկերության միջնորդությամբ բանակցություններ է վարում Վրաստանի կառավարության հետ զենքի գնման շուրջ։ «Ռուսթավի 2»-ը ցուցադրել է մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ 1 855 251 դոլարի զենք մատակարարելու վերաբերյալ վրաց-ամերիկյան գործարք։ Այն կնքվել է 2016թ․ սեպտեմբերի 22-ին։ Գնումը պետք է ավարտին հասցվեր 2017թ․ մայիսի 23-ին։

OCCRP-ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսը, որն ուսումնասիրում է Պենտագոնի կողմից հետխորհրդային և հետկոմունիստական երկրներում խորհրդային զենքի գնման և այն տարբեր խմբավորումների մատակարարման պրակտիկան, ասել է, որ վերոհիշյալ գնումը նախատեսված է Սիրիայի համար։ Բլոսը պնդում է, որ Պենտագոնը խորհրդային զենք է գնում սիրիական ընդդիմադիր ուժերի համար։

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հերքում է նման փաստաթղթի գոյությունը։ Նրա պնդմամբ՝ ՊՆ-ին ենթակա Delta գիտատեխնիկական կենտրոնը ընդամենը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի կառավարության հետ՝ զինամթերքի մատակարարման շուրջ։ Վրաստանի ՊՆ-ն հայտարարում է, որ Alliant techsystems operations-ի հետ գործարք չի կնքվել, քանի որ ընկերությունը չի տրամադրել վերջնական օգտագործողի հավաստագիր, առանց որի Վրաստանից զենքի արտահանումն արգելված է։

Թեմային անդրադարձել է նաև «Կոմերսանտ» թերթը, որը զրուցել է փորձագետների հետ։ Պարբերականը նշում է, որ Թբիլիսին չի ստացել երաշխիք առ այն, որ զենքը չի ընկնի քրդական խմբավորումների ձեռքը։ Նման զարգացումը կարող էր հարուցել հարևան Թուրքիայի ցասումը և վտանգել հարաբերություններն Անկարայի հետ՝ անգամ հաշվի առնելով գործընկերությունն ԱՄՆ-ի հետ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել