Ռուսաստանը «Թուրքական հոսքով» ցանկանում է խեղդել ադրբեջանական գազային ծրագրերը

Բրիտանական Financial Times պարբերականը հոդված է հրապարակել «Թուրքական հոսք» գազատարի և ռուս-թուրքական էներգետիկ հարաբերությունների մասին։ Հոդվածագիր Էնդրյու Ուորդը (Andrew Ward) նշում է, որ Էրդողանը զգուշանում է Ռուսաստանից չափից ավելի էներգետիկ կախվածության մեջ ընկնելուց։ Հոդվածում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը «Թուրքական հոսք» գազատարի նախագծով ցանկանում է խեղդել այլընտրանքային ծրագրերը, այդ թվում՝ ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիա ձգվող գազատարի ծրագիրը։  

Անցյալ ամիս աշխարհի ամենամեծ նավը զգուշությամբ անցավ Բոսֆորի նեղ նեղուցը, որը բաժանում է Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները։ Pioneering Spirit անունով նավը, որն ունի Boeing-747 հինգ ինքնաթիռի երկարություն և այնքան լայն է, որ կարող է տեղավորել երեք ֆուտբոլային դաշտ, անցավ Բոսֆորով՝ կամրջից ընդամենը մի քանի մետր ցածրության վրա։

Այն ուղևորվում էր Սև ծով, որտեղ մասնակցելու էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը:

Գազատարը պետք է գործարկվի 2019 թ., ընդ որում՝ մի խողովակը պետք է ծառայի Թուրքիայի ներքին շուկային, իսկ մյուսը` ձգվի դեպի Հարավային Եվրոպա։

Նախագծի արագ զարգացումը ընդգծում է վերջին տարվա ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մերձեցումը։ Հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ 2015 թ. թուրքական զորքերը ռուսական կործանիչ խփեցին Սիրիայի սահմանի մոտ:

Սակայն, ինչպես նշում է Թուրքիայի էներգետիկ ոլորտի անկախ վերլուծաբան Գարեթ Ուինրոուն (Gareth Winrow), նույնիսկ այն ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ հարաբերությունները չտուժեցին, քանի որ երկու կողմերն էլ գիտակցում են, որ պետք են միմյանց։

«Թուրքական հոսքը» Պուտինն առաջ էր տանում որպես ընդարձակվելու միջոց թուրքական շուկայում, որը ռուսական գազի սպառման մեծությամբ երկրորդ շուկան է՝ Գերմանիայից հետո։ Այն նաև ծառայում է Պուտինի՝ ուկրաինական խողովակաշարերը շրջանցելու ռազմավարական նպատակին։

Էրդողանի համար ուղիղ խողովակաշարի հեռանկարը, որը Թուրքիան կկապի Ռուսաստանի հսկայական էներգետիկ պաշարների հետ, որոշակիորեն կասկածելի է։ Հաշվի առնելով այն, որ Թուրքիան չունի բավարար սեփական օրգանական վառելիք, երկրին պետք է հուսալի և մատչելի մատակարարում տնտեսության գործունեության համար:

Սակայն երկարաժամկետ հեռանկարում Էրդողանը ռազմավարական տեսանկյունից ռիսկային է համարում Թուրքիայի գազային մատակարարումների կեսից ավելիի կախվածությունը Ռուսաստանից։

Տրանսանատոլիական գազատարը, որը պետք է գործարկվի հաջորդ տարի և Թուրքիան միացնի ադրբեջանական «Շահ Դենիզ» գազի հանքավայրի հետ, այժմ շահագործվում է British Petroleum-ի կողմից «Հարավային գազային միջանցք» ծրագրի շրջանակներում:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի կարծիքով՝ «Թուրքական հոսքը» Ռուսաստանի փորձն է՝ խեղդելու այլընտրանքային մատակարարման ուղիները։ «Նպատակներից մեկն է խաթարել Ադրբեջանում ներդրումները, որպեսզի մեծ մասը պատկանի «Գազպրոմին»։ Ռուսաստանը փորձում է թուլացնել կամ մասնատել «Հարավային գազային միջանցքը»»,- ասել է Բրայզան:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի