Մեհրիբան Ալիևան «թույլ չի տա, որ ի դեմս հայերի թշնամու կերպար կերտվի»

Երբեք թույլ չեմ տա, որ ադրբեջանցի ժողովրդի մեջ ի դեմս հայերի թշնամու կերպար կերտվի․ այսպիսի հայտարարություն, ըստ ռուսաստանցի գրող Ալեքսանդր Պրոխանովի, արել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր հետ հանդիպմանը։ Հայտարարությունն առնվազն տարօրինակ է հնչում մի երկրից, որտեղ պետական մակարդակով հայատյացության քաղաքականություն է իրականացվում, և երեխաներին անվանակոչում են մարդասպանի անունով։

Պրոխանովը Բաքվում քննարկումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։ Ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում, ի պատասխան հարցի, թե արդյոք Ալիևայի հետ հանդիպմանը քննարկվել են խաղաղության և պատերազմի, ղարաբաղյան հակամարտության, հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կարգավորման հարցերը, Պրոխանովն ասել է․

«Անշուշտ, այդ հարցը քննարկվել է և՛ նախագահի, և՛ փոխնախագահի հետ։ Ինձ ուրախացրել է և զարմացրել այն, որ և՛ նախագահի, և՛ փոխնախագահի դատողություններում ես չլսեցի ատելություն։

Տիկին Ալիևան ասել է, որ երբեք թույլ չի տա, որ ադրբեջանցի ժողովրդի մեջ ի դեմս հայերի թշնամու կերպար կերտվի։ Եղել են ժամանակներ, երբ ժողովուրդները միասին են ապրել, մի սեղանի շուրջ են նստել և գինի խմել։ Այդ ժամանակները պետք է վերադառնան»,- պատմել է Պրոխանովը։

Վերջինիս խոսքով՝ «Ալիևան հասկանում է, որ արյունահեղությունն անընդունելի է, որ կուտակվել են բազմաթիվ վիրավորանքներ», սակայն այդ ամենը կարելի է «հաղթահարել մարդասիրական սկզբունքների հիման վրա»։ Ադրբեջանի առաջին փոխնախագահը, ռուս գրողի փոխանցմամբ, կարծում է, որ «որքան ավելի շատ մարդասիրություն լինի ժողովուրդների մեջ, այնքան նրանք ավելի մոտ կլինեն միմյանց հետ»։

Այս տարվա գարնանը Բաքու այցելած ռուսաստանցի լրագրող, Կրեմլին մոտ կանգնած Վլադիմիր Սոլովյովը հանդիպում էր ունեցել Իլհամ Ալիևի հետ և ավելի ուշ ռադիոհաղորդման շրջանակում նույնպես կիսել էր իր տպավորությունները։ Սոլովյովը նկատել էր, որ Ադրբեջանի նախագահը թույլ չէր տվել որևէ «նվաստացուցիչ խոսք Հայաստանի ղեկավարների հասցեին», «չկար վիրավորելու կամ նսեմացնելու մտադրություն»։ 

Ադրբեջանի ղեկավարների՝ «հանդուրժողականության» ոգով տոգորված խոսքերը, սակայն, հակասում են իրականությանը․ բազմաթիվ են փաստերը, որոնք ապացուցում են՝ Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունը պետական մակարդակով է ընթանում։ Դեպքերից մեկը գրանցվել է 2016թ. մայիսին։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ էին պահել Բաքվի օդանավակայանում։ Նա ժամանել էր Բաքու իր մոր՝ Քրիստինա Կոնստանտինովայի և նրա ամուսնու հետ, որոնք նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ էին։ Երեխայի անազատության մեջ պահելու միակ պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան «կասկածում էին» հայ լինելու մեջ: Այս և Ադրբեջանում հայատյացության այլ դրսևորումներին պարբերաբար անդրադառնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ադրբեջանական իշխանությունների վերոհիշյալ քաղաքականությունը տեղ է գտել նրա զեկույցում։

Լուսանկարում՝ Իլհամ Ալիևը պարգևատրում է ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատած զինվորականին։

 

 

 

 

 

 

Ստելլա Մեհրաբեկյան