Վիգեն Սարգսյանը «բացասական է դիտում» Ադրբեջանին ռուսական կամ որևէ այլ զենքի վաճառքը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական է դիտում»․ այս մասին նա հայտարարեց այսօրվա մամուլի ասուլիսին։

«Մեր մոտեցման մեջ ոչինչ չի փոխվել․ ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում: Առաջին ու պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով:

Նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և վերլուծության երբեմն դժվար ենթարկվող խնդիրների համադրմամբ, և այդ առումով լինի դա ռուսական, իսրայելական, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարումը մեծ, նոր ռիսկեր է ստեղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահի:

Մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործակցության մեր ծրագիրը։ Դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է, մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում:

Դա շատ հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք, և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք այդ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատև և կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը:

Մենք ստանում ենք այն զենք-զինամթերքը, որը գնում ենք Ռուսաստանում, մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակներում։ Այն ինչ-որ գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով` Ռուսաստանի ներքին գներով, և դա մեզ համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման:

Եթե որևէ մի պաշտոնյա Հայաստանում ձեզ ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ Ադրբեջնաում ռուսական զենք է հայտնվել, կարծում եմ՝ նա անկեղծ չի լինի ձեզ հետ»:

Անցյալ շաբաթ Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդմամբ՝ սպառազինությունները ուղարկվելու են մերձճակատային գոտի։ Ռուսական զենքի նախորդ խմբաքանակը Ադրբեջան էր առաքվել ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին։

Ռուսաստանն Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն է։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հերթական զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:  

Ավելին՝ Ռուսական զենքի հերթական խմբաքանակն Ադրբեջանում է։