Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց այս պահին չի քննարկվում․ Վիգեն Սարգսյան

Բացի Սիրիա ուղարկվող հումանիտար աջակցության ծրագրից, որը մենք իրականացնում ենք, լրացուցիչ ծրագրի իրականացման հարց այս պահին չի քննարկվել․ այսօրվա մամուլի ասուլիսին հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Հատկապես այնտեղ զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց երեկ չի քննարկվել անվտանգության խորհրդի նիստում,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով։ – Առհասարակ հնարավոր է այդպիսի քննարկում, թե ոչ՝ ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու՝ իմ հանրային հարցազրույցներից մեկում ասելով, որ չեմ բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ մենք ցանկություն ունենանք որպես պետություն մասնակցելու այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները»:

Իհարկե, խոսքը չի գնում ժամկետային զինծառայողներով այնտեղ մասնակցելու մասին, ինչպես մեր բոլոր խաղաղապահ գործողություններին․ միմիայն պայմանագրային զինծառայողներ, այն էլ` իրենց կամքով կարող են գործուղվել նման վայրեր: Չեմ ակնկալում, որ առաջիկայում այդպիսի որոշում կկայացվի:

***

Մարտի 29-ին ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Սիրիայի ռազմական գործողություններում օգտագործելու հարց չի դիտարկվում։

«Հայ-ռուսական միացյալ զորախմբի օպերատիվ ծրագրերով չեն նախատեսվում համատեղ գործողություններ Սիրիայում։ Մեր միջև նման երկխոսություն չի տարվում»,- ասել էր պաշտպանության նախարարը։

Հիշեցնելով, որ Սիրիայում, ինչպես Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, առկա է մեծ հայկական համայնք, Վիգեն Սարգսյանն ասել էր, որ սիրիական իրավիճակի առնչությամբ ՀՀ բոլոր գործողություններում մշտապես հաշվի է առնվում այդ գործոնը։

Ավելի ուշ՝ մայիսին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների, ինչպես և պատրաստ են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները։

Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ Սիրիայում՝ դեէսկալացիայի գոտիներում, կարող են տեղակայվել Ղազախստանի և Ղրղզստանի [ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Բելառուսի հետ մաիսին – ՍիվիլՆեթ] զինծառայողներ։ Ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի և Բիշքեկի հետ։

Սիրիայում՝ կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև շփման գծում, չորս անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ հուշագիրը կնքվել է 2017թ․ մայիսի 4-ին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից։

Մեկնաբանել