Քաշքշուկ և բախումներ «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ընթացքում

Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստն անցել է լարված մթնոլորտում, տեղի են ունեցել բախումներ ամբաստանյալների և ոստիկանների միջև։

Դատական նիստերի դահլիճում սկսվել է քաշքշուկ ոստիկանների ու «Սասնա ծռեր»-ի անդամներ Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի և Սեդրակ Նազարյանի միջև։ Վերջիններս հեռացվել են դահլիճից։

«Սասնա ծռեր»-ի փաստաբաններ Արա Զաքարյանը, Լուսինե Սահակյանն ու Տիգրան Հայրապետյանը դարձյալ չեն կարողացել ներկա գտնվել դատական նիստին, քանի որ դատարանի դահլիճի անցագրային կետում փորձել են նրանց «խուզարկել», իսկ իրենք` ինչպես նախորդ դատերին, այժմ ևս թույլ չեն տվել։

Ավելի ուշ,  դատարանի բակում քաշքշուկ է սկսվել նաև փաստաբանների հետ, վերջիններիս թույլ չեն տվել մուտք գործել դատարան։

Բախում է տեղի ունեցել նաև «Սասնա ծռեր»-ի հարազատների ու ոստիկանության միջև։ Ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի՝ բերման է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը։

Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին։

Լուսանկարն` A1plus-ի: