Պաշտպանության նախարարի ասուլիսի հիմնական մտքերը

Պաշտպանության նախարարությունում այսօր ասուլիս էր հրավիրել նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա պատասխանեց լրագրողների տարբեր հարցերի։ ՍիվիլՆեթն առանձնացրել է ասուլիսին նախարարի արծարծած կարևոր թեմաները։

Ադրբեջանին ռուսական զենքի հերթական մատակարարումների մասին

«Մեր մոտեցման մեջ ոչինչ չի փոխվել․ ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում: Առաջին ու պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով:

Նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և վերլուծության երբեմն դժվար ենթարկվող խնդիրների համադրմամբ, և այդ առումով լինի դա ռուսական, իսրայելական, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարումը մեծ, նոր ռիսկեր է ստեղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահի:

Մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործակցության մեր ծրագիրը։ Դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է, մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում:

Դա շատ հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք, և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք այդ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատև և կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը:

Մենք ստանում ենք այն զենք-զինամթերքը, որը գնում ենք Ռուսաստանում, մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակներում։ Այն ինչ-որ գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով` Ռուսաստանի ներքին գներով, և դա մեզ համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման:

Եթե որևէ մի պաշտոնյա Հայաստանում ձեզ ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ Ադրբեջնաում ռուսական զենք է հայտնվել, կարծում եմ՝ նա անկեղծ չի լինի ձեզ հետ»:

Անցյալ շաբաթ Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդմամբ՝ սպառազինությունները ուղարկվելու են մերձճակատային գոտի։ Ռուսական զենքի նախորդ խմբաքանակը Ադրբեջան էր առաքվել ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին։

Ռուսաստանն Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն է։ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն: Ավելին՝ Ռուսական զենքի հերթական խմբաքանակն Ադրբեջանում է։

Սիրիա հայկական ուժեր ուղարկելու հնարավորության մասին

Օրերս հայտարարվեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկու երկիր՝ Ղազախստանը և Ղրղզստանը, պատրաստ են զինված ստորաբաժանումներ ուղարկել Սիրիա։ Վիգեն Սարգսյանին հարց ուղղվեց, թե որքանով է հավանական հայկական ուժերի ներգրավումը Սիրիայում և արդյոք այդ հարցը քննարկվել է հունիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում։

«Պետք է շատ հստակ ասեմ, որ Սիրիա՝ բացի հումանիտար աջակցության ծրագրից, որը մենք իրականացնում ենք, լրացուցիչ ծրագրի իրականացման հարց այս պահին չի քննարկվել: Հատկապես այնտեղ զորք ուղարկելու կամ զինծառայողներ ուղարկելու հարց երեկ չի քննարկվել Անվտանգության խորհրդի նիստում:

Առհասարակ հնարավոր է այդպիսի քննարկում, թե ոչ, ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու, իմ հանրային հարցազրույցներից մեկում ասելով, որ ես չեմ բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ մենք ցանկություն ունենանք, որպես պետություն մասնակցելու այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները:

Իհարկե խոսքը ժամկետային զինծառայողներով այնտեղ մասնակցելու մասին չէ։ Ինչպես մեր բոլոր խաղաղապահ գործողություններին` միմիայն պայմանագրային զինծառայողներ, այն էլ՝ իրենց կամքով կարող են գործուղվել նման վայրեր: Չեմ ակնկալում, որ առաջիկայում այդպիսի որոշում կկայացվի»:

Ղարաբաղում նոր պատերազմի հավանականության մասին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գրեթե համոզված է, որ Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի։

«Ես գրեթե համոզված եմ, որ լայնամասշտաբ պատերազմ պետք է չսկսվի պարզ պատճառով, որովհետև այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել: Չկա պատերազմական գործողությունների այնպիսի զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել հօգուտ Ադրբեջանի»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

«Ադրբեջանում, որտեղ չկա քաղաքացիական-ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմ, ռազմական գործողությունների վերսկսումը կարող է բազմաթիվ դրդապատճառներ ունենալ, որոնք դրսի դիտորդի համար կարող են աննկատելի լինել»,- ասաց նախարարը՝ ընգծելով, որ պատերազմի հավանականության մասին զեկույցներ ներկայացնող վերլուծական խմբերը հաճախ հենվում են սպառազինության քանակների, դրանց տեղաշարժի, զորավարժության տեսակների և այլնի վրա:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ կա մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս իր պետության և տնտեսության համար․ «Ի դեպ, ես չեմ նվազեցնում այն վտանգները, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար»:

Զորացրվելուց հետո զինվորի հետ հարցում կանցկացվի

Զորացրվող յուրաքանչյուր զինվորի տուն գնալու է սոցիոլոգ՝ շատ մանրամասն հարցաթերթիկով: Պաշտպանության նախարարն ասաց, որ նոր ծրագիրը կոչվելու է «Դիտակետ»։

«Ուզում եմ երաշխավորել և վստահեցնել, որ բացարձակ անանուն է լինելու այդ հարցումը, այսինքն՝ մենք չենք պահպանելու մեր տվյալների բազայում յուրաքանչյուր հարցաթերթիկի պատասխանող զինծառայողի անձնական տվյալը, անունը, բայց ֆիքսելու ենք զորամասը, որտեղ ծառայել է:

Բավականին մանրամասն հարցաթերթիկով՝ շուրջ 50 հարցով, փորձելու ենք լիարժեք գնահատել յուրաքանչյուր զորամասի բոլոր առկա խնդիրները` սկսած մարտական պատրաստությունից, ներսում հրամանատարության հետ փոխհարաբերություններից, շարքային ժամկետային զինծառայողների փոխհարաբերություններից մինչև ոչ կանոնադրական հարաբերություններ, կենցաղային պայմաններ, արդարության խնդիրներ։ Ավտոմատացված համակարգով այդ տվյալները հավաքվելու են կենտրոնացված սերվերի վրա։ Սեպտեմբերի 1-ին մենք կարողանալու ենք զորամաս առ զորամաս տեսնել պատկերը: Սեպեմբերին կներկայացնեմ տեղեկատվություն»:

Զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարի մասին

Հունիսի 24-ին Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին զինծառայողներ տեղափոխող ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել։ 14 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

«Մեքենայում եղել է 18 զինծառայող, այդ մեքենայի թույլատրվող քանակը ուղևորափոխադրման համար 20 է, այսինքն՝ այնտեղ ավել մարդ չի եղել: Մենքնան ըստ իր նորմատիվների՝ շահագործման ենթակա է եղել ըստ կիլոմտերաժի, և մինչև 30 տարի եղել է շահագործման ժամկետի մեջ»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Մենք այս տարի մեր բանակի ուղեփոխադրող ավտոպարկի զգալի թարմացման մեծագույն ծրագիր ենք կատարել: Այն քանակի մեքենաներ ենք ձեռք բերել, որ երևի թե բանակը վերջին տասնամյակների ընթացքում այդքան մեքենա ձեռք չի բերել»:

Իսրայելից զենք ձեռք բերելու հնարավորության մասին

Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից է։ Նախարարին հարց ուղղվեց, թե ինչու Հայաստանը նույնպես զենք ձեռք չի բերում Իսրայելից։

«Այս կամ այն երկրից զենք ձեռք բերելը երբեք ինքնանպատակ չէ: Ինքնանպատակ կարող է լինել միայն մարտունակության պահպանումը, հաշվի առնելով առաջնագծում առկա զինատեսակները կամ հակառակորդի զինանոցում առկա զինատեսակները և դրանց հակազդման կամ դրանց արդյունավետության նվազեցման միջոցները: Մենք այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում և գնում կատարելիս ուսումնասիրում ենք ողջ շուկան՝ բոլոր հնարավորություններով: Եթե կլինի այդպիսի իսրաելական զենք, անպայման կուսումնասիրենք նաև դրա տարբերակները: Բոլոր դեպքերում, վերջին շրջանում մենք ունենք մեր զինանոցի համալրման համար բավականին լուրջ գործընթացներ և արդեն մատակարարված, նաև առաջիկայում մատակարարվող զենքի առումով»:

Պաշտոնյաների որդիների չծառայելու հարցի մասին

Նախարարին հարց ուղղվեց, որ պաշտոնյաների որդիները խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից։

«Զորակոչի ժամանակ որևէ պաշտոնյայի զավակ լինելու հանգամանքը մենք հաշվի չենք առնում: Եթե նա ունի օրենքով սահմանված տարկետման իրավունք և ուզում է օգտվի այդ իրավունքից, դա իր իրավունքն է: Այս պահին կան շատ բարձր պաշտոնյաների երեխաներ, որոնք ծառայում են բանակում, նաև՝ առաջնագծում, որոնցից առնվազն երկուսն ունեն զորացրման պարտադիր ցուցում` առողջական և որոնց զորացրումը մենք չենք իրականացնում մի պարզ պատճառով, որովհետև հենց զորացրումն իրականացնենք, դառնալու է, որ նա պաշտոնյայի երեխա է, դրա համար է զորացրվում:

Դուք պատկերացրեք այդ ընտանիքի վիճակը, որը չի միջամտել զորակոչի ժամանակ: Մի տարի անցել է, երեխան ծառայում է ու ունի առողջական լուրջ խնդիր` պիտի զորացրվի, և հայրն ինձ ասում է, կարո՞ղ ենք չզորացրել»:

Սփյուռքահայերի՝ հայկական բանակում ծառայելու մասին

Լրագրողներից մեկը նախարարին ասաց, որ պետք է Հայաստանը նախաձեռնողական լինի, որպեսզի սփյուռքահայերը գան և ծառայեն հայկական բանակում։ Նախարարը նշեց, որ խոչընդոտ չկա, որպեսզի սփյուռքահայերը ծառայեն հայկական բանակում։

«Մենք հեշտացված կարգով քաղաքացիություն ենք տալիս, և երբ մարդ քաղաքացիություն է ստանում, պարտավոր է ծառայել: Բայց չգիտես ինչու, քաղաքացիության համար մարդիկ հաճախ դիմում են 27 տարեկանից հետո [27 տարեկանից հետո պարտադիր զինվորական ծառայության պահանջ չկա – խմբ․]»,- ասաց նախարարը։

«Սփյուռքը շատ ակտիվ ներգրավվածություն ունի։ Պետք է ասեմ, որ մեր ռազմաարդյունաբերական համալիրի ամրապնդման գործում Սփյուռքը բացառիկ դերակատարում է ստանձնել, և մենք շատ ակտիվ աշխատում ենք մեր հայրենակիցների հետ, որոնք շատ երկրներում մեծ ներդրում ունեն ռազմական գիտության և ռազմական արդյունաբերության զարգացման գործում:

Սփյուռքը նաև բավականին ակտիվ դերակատարում է ստանձնել բանակին լրացուցիչ հնարավորություններով աջակցելու գործում և մենք շատ հետևողական ու շնորհակալ ենք այդ հարցում:
Սեպտեմբերին կայանալու է Հայաստան-Սփյուռք համաժողովը, որտեղ չորս ուղղություններից մեկն անվտանգության-պաշտպանության ոլորտից է, և չորս պանելներից մեկը, որն այդ ուղղությամբ անց ենք կանցնելու` կոչվելու է «Ազգ-բանակ․ Սփյուռքի հեռանկար»»:

«10 օրում Ադրբեջանը 8 զոհ է ունեցել»

Պաշտպանության նախարարն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք հայկական կողմը համարժեք պատժիչ գործողություններ է իրականացնում, երբ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման հետևանքով հայկական կողմը զոհեր է տալիս։ Մասնավորապես, հունիսի 22-ին ադրբեջանական կողմից զինադադարի խախտման հետևանքով զոհվել էր չորս հայ զինծառայող, հաղորդել էր ԼՂՀ ՊՆ-ն։

«Մեր կողմից հաստատված տվյալներով՝ վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի առնվազն հաստատված 8 զոհ, չհաստատված թիվն ավելի մեծ է: Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույց։ Այդ 8 զոհերը դեռևս հուղարկավորված չեն մեր տվյալներով, ադրբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա»:

Պատրաստեց Ալինա Նիկողոսյանը

Մեկնաբանել