Ադրբեջանական բանակը հետ է զարգանում, կարծում է ադրբեջանցի փորձագետը

Հունիսի 26-ին Ադրբեջանը նշում էր իր զինված ուժերի օրը: Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv-ն անդրադարձել է ադրբեջանական բանակի ներկա վիճակին ու խնդիրներին։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլիի կարծիքով՝ ադրբեջանական բանակի զարգացումը ոչ թե առաջ է ընթանում, այլ հետ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

1918-ին ստեղծված բանակը կազմավորվել է ինչպես երկամյա հանրապետության, այնպես էլ 1991 թվականին` պատերազմի և հրադադարի պայմաններում Ադրբեջանի անկախության վերականգնման ժամանակ:

«Կասպյան» ռազմական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Ջասուր Սումերինլին, պատասխանելով Meydan․tv-ին ասել է, որ դժվար է որոշել, թե զարգացման որ փուլում է այժմ գտնվում ադրբեջանական բանակը: Սումերինլիի հետազոտության արդյունքների համաձայն՝ 2002-2009 թթ․ ադրբեջանական բանակում նկատվել է նշանակալի զարգացման համեմատական ժամանակաշրջան։

«Կատարված վերափոխումները հիմնականում ուղղված են գործող նորմատիվ ակտերում և փաստաթղթերում մի շարք փոփոխություններին, ԶԼՄ-ների և հասարակության հետ համագործակցությանը, ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ամրապնդմանը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում զինված ուժերում մի շարք փոփոխություններին: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի զինված ուժերում վերապատրաստված կադրերը սկսել են ավելի ակտիվ դեր խաղալ»:

Սակայն փորձագետը գտնում է, որ վերը նշված բոլոր կետերը հիմք չեն ադրբեջանական բանակը լիովին զարգացած անվանելու համար, «քանի որ այս ժամանակահատվածում եղել են օրենքի լուրջ խախտումներ, զինվորների մահ, բռնություն, խառնաշփոթ և, ամենակարևորը, կաշառակերության և կոռուպցիայի դեպքեր»։

Ըստ Ջասուր Սումերինլիի՝ ադրբեջանական բանակի զարգացումը ոչ թե առաջ է ընթանում, այլ հետ, և դա դրսևորվում է շատ հստակ.

«Զինվորները լուրջ խնդիրներ ունեն սոցիալական ապահովության հետ, թափանցիկություն և հաշվետվողականություն չկա, որևէ հասարակական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող, բանակի կառուցման ռազմավարությունը դեռ հայտնի չէ, բանակի մասին որոշումներ ընդունվում են որոշակի խմբերի շրջանակներում և համաձայնեցված չեն օրենսդիր իշխանությունների հետ: Իրականությունը ստիպում է մեզ կասկածի տակ առնել զարգացող բանակի մասին հայտարարությունների ճշմարտացիությունը»:

Սումերինլին անդրադարձել է նաև ռազմական ոլորտի ծախսերի և սպաների աշխատավարձերի հարցին.

«2007-ից ռազմական ծախսերը զգալիորեն աճել են, և այդ տեմպը պահպանվել է մինչև 2015թ. վերջ: Նախ, կառավարությունը ավելացրեց զինվորական անձնակազմի աշխատավարձը: Նախկինում լեյտենանտի կոչում ունեցող զինվորականը ստանում էր մոտ 70-90 մանաթ, սակայն հաջորդ 2-3 տարիներին այդ թիվը հասավ 400-600 մանաթի, ինչը, իհարկե, մեծապես բարելավեց զինված ուժերի անձնակազմի սոցիալական վիճակը։ Այնուհետև կառավարությունը բնակարաններ հատկացրեց որոշակի պահանջներին համապատասխանող սպաներին: Սակայն 2013-ից սկսած կառավարության՝  բանակում սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված քաղաքականությունը դադարեցվեց, և դրա փոխարեն կառավարությունը սկսեց Ռուսաստանից և Իսրայելից զենք և ռազմական տեխնիկա գնել, որոնց գինը հասնում էր միլիարդավոր դոլարների։ Մանաթի արժեզրկումից հետո բանակին հատկացված ծախսերը զգալիորեն նվազել են»:

Պատասխանելով  2016թ․ ապրիլի 1-5-ը ռազմական գործողություններից հետո բանակում դավաճանների «որսի» և ավելի քան քառասուն հոգու ձերբակալության մասին հարցին, փորձագետը պատասխանել է, որ նախկինում երբեք հայրենիքի դավաճանության մասին նման բարձրագոչ հայտարարություններ չէին եղել։

«Իրականում, դեռ շատ բաների շուրջ լռություն է։ Կարծիք կա, որ սա իշխանության ներսում ներքաղաքական գզվռտոցների արդյունքն է»,- ասել է նա:

Սումերինլին նաև նշել է, որ ադրբեջանական բանակը առավելագույն կորուստներ կրել է 2016 թ. հրադադարի մասին հայտարարությունից հետո:

«Մենք սկսեցինք մշտադիտարկել կորուստները 2003 թ. սկզբից: Ընդհանուր առմամբ, Սաֆար Աբիևի (Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարի) կառավարման ժամանակահատվածում հիմնականում եղել են ոչ մարտական կորուստներ՝ մեծամասամբ ինքնասպանություններ։ Իսկ Զաքիր Հասանովի կառավարման ընթացքում զոհերի թիվը ճակատային գծում ավելացել է մի քանի անգամ»։  

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի