Ագրամունտը հեռացվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցություն քաղաքական խմբից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտին այսօր առավոտյան հեռացրել են Եվրոպայի ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ) քաղաքական խմբից: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առավոտյան թեժ քննարկումներ և բարդ քվեարկություններ են տեղի ունեցել: Ագրամունտը Վեհաժողովի ամենամեծ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատգամավորական խմբից հեռացվել է 30 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից ի վեր Վեհաժողովում լարված իրավիճակ է տիրում Ագրամունտի պաշտոնավարման շուրջ։ ԵԽԽՎ բյուրոն ապրիլին անվստահություն էր հայտնել նախագահին՝ զրկելով նրան կառույցի անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցելություններ կատարելու կամ հայտարարություններով հանդես գալու իրավունքից:

Պեդրո Ագրամունտի հանդեպ անվստահության պատճառը ռուսաստանյան պատվիրակության հետ համատեղ նրա այցն էր Սիրիա, որտեղ նա հանդիպում էր ունեցել այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։ Ագրամունտն իր ելույթում ընդունել էր, որ այցը իր կողմից թույլ տրված սխալ էր։

Ամառային նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ-ն 154 կողմ, 30 դեմ ձայներով ընդունել է ընթացակարգ, որը թույլ է տալիս պաշտոնանկ անել իր բարձրաստիճան անդամներին՝ նախագահին, փոխնախագահներին, հանձնաժողովների նախագահներին և փոխնախագահներին։

Պեդրո Ագրամունտի անունը շրջանառվում է նաև ԵԽԽՎ-ի ներսում կոռուպցիոն սկանդալներում, որոնք հետաքննելու նպատակով վեհաժողովը ստեղծել է անկախ փորձագետների հանձնաժողով։ ԵԽԽՎ ներկայիս նախագահը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ և Բաքվի հետ սերտ կապերով։

Մեկնաբանել