Վրաստանի նախագահն ընդունել է Մուխթարլիի կնոջը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հունիսի 27-ին ընդունել է Վրաստանից առևանգված և Բաքվում կալանավորված հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի կնոջը՝ Լեյլա Մուստաֆաևային։

Հանդիպմանը մասնակցել են Մուստաֆաևայի փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին և Վրաստանում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի ակտիվիստ Դաշքին Աղալարովը։ Ներկա էին նաև Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Էկա Միշվելաձեն և Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն։

Նախագահի հետ հանդիպումից հետո Մուստաֆաևան լրագրողներին ասել է, որ մտահոգություն է հայտնել ամուսնու գործով հետաքննության ընթացքի կապակցությամբ։ Նա նշել է, որ Մուխթարլին ունի առողջական խնդիրներ։

Մուստաֆաևան շեշտել է, որ Վրաստանի նախագահը այդ երկրի «միակ պաշտոնյան է», որը Մուխթարլիի անհետացումը Թբիլիսիից անվանել է «առևանգում» և այն որակել որպես Վրաստանի «ինքնիշխանության ու անվտանգության սպառնալիք»։

Աֆղան Մուխթարլիի փաստաբանները ներկայում Ադրբեջանի և Վրաստանի դեմ հայց են նախապատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ավելին՝ Եթե ես հեռանամ Վրաստանից, դա կլինի ի օգուտ Վրաստանի իշխանությունների․ Մուխթարլիի կինը՝ ՍիվիլՆեթին։

Մեկնաբանել