ՊՆ-ի սոցհարցումները կիրականացնի «կառավարության արդյունավետությունը չափած» ընկերությունը

Հունիսի 28-ի ասուլիսում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ մեկնարկելու է ծրագիր, որի շրջանակում սոցիոլոգիական հարցում է անցկացվելու զորացրված զինվորների հետ։ «Դիտակետ» կոչվող ծրագիրն իրականացնելու է «Այ-Փի-Էս-Սի» ընկերությունը։ Այս ընկերությունը 2011-2016 թթ․, առանց մրցույթի, շարունակաբար հետազոտել է կառավարության գործունեության արդյունավետությունը, ինչի համար նրան վճարվել է 528 միլիոն դրամ (շուրջ 1,1 միլիոն դոլար)։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ հունիսի 28-ին ՀՀ նախագահը Երևանում այցելել է «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) նորակառույց գրասենյակ։ Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխգործակցության հուշագրի ստորագրում պաշտպանության նախարարության և «Այ-Փի-Էս-Սի»-ի միջև՝ բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական ելքային հարցումների «Դիտակետ» ծրագրի իրականացման վերաբերյալ:

«Դիտակետը» ՊՆ նոր նախագիծ է, որի շրջանակում ուսումնասիրվելու են զինվորական ծառայության հետ կապված ամենատարբեր խնդիրներ՝ զորացրված զինծառայողների կարծիքի ուսումնասիրման միջոցով։ Հետազոտությունն իրականացվելու է ժամկետային զինծառայողների զորացրումից հետո՝ ամբողջ հանրապետության տարածքում։ 
Որպես ծրագիրն իրականացնող կազմակերպություն ընտրվել է «Այ-Փի-Էս-Սի» ընկերությունը, որի մասնագետների կողմից մշակվել է ծրագրային ապահովման հատուկ համակարգ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ «Դիտակետը» հնարավորություն է ընձեռում վերհանել ծառայության ընթացքում զինծառայողի կողմից արձանագրված հիմնական բացթողումները, գնահատել զորամասերի գույքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի և բուժօգնության որակը, բացահայտել քաղաքացիականից զինվորական կյանքի անցնելու փուլի խնդիրները և դրանց հնարավոր նոր լուծումները։ 
 

«Այ-Փի-Էս-Սի» ընկերությունը 2011-2016 թթ․ Հայաստանի կառավարությունից 528 միլիոն դրամ էր ստացել կառավարության գործունեության արդյունավետությունը չափելու, հանրության կարծիքը գնահատելու համար։ Հարցումները պատվիրվել էին «Այ-Փի-Էս-Սի»-ին՝ առանց մրցույթի։

ՍիվիլՆեթի «Քո գրպանից» հաղորդաշարն թեմային անդրադարձել էր անցյալ տարվա մայիսին․

Անի Գրիգորյան