ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացվում քրեակատարողական հիմնարկներ։
«Աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք»,- գրել է Թաթոյանը:
Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ Գայլ») փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրել էր, որ Խանդոյանը ծեծի է ենթարկվել դատարանի նկուղային հարկում։
Նույն օրն՝ ավելի վաղ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստն անցել է լարված մթնոլորտում, տեղի են ունեցել բախումներ ամբաստանյալների և ոստիկանների միջև։