Գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացվում քրեակատարողական հիմնարկներ․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացվում քրեակատարողական հիմնարկներ։

«Աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք»,- գրել է Թաթոյանը:

Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ Գայլ») փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրել էր, որ Խանդոյանը ծեծի է ենթարկվել դատարանի նկուղային հարկում։

Նույն օրն՝ ավելի վաղ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստն անցել է լարված մթնոլորտում, տեղի են ունեցել բախումներ ամբաստանյալների և ոստիկանների միջև։