Զուտ հայկական բարբարոսները

Գազանը ժանտախտի բացիլի նման բան է, ինքը քնում է մարդու մեջ, բայց չի մեռնում: Հաճախ ոչ էլ քնում է, սպասում է իր «աստեղային» ժամին: Գազանի համար այդպիսի աստեղային ժամեր էին մարտի 1-ը, Սարի թաղի դեպքերը:

Երեկ գազանը հերթական պոռթկումն է ունեցել: Որտե՞ղ: Դատարանի շենքում: Գազանը՝ պետության դեմքով: «Սասնա ծռերի» տղաներին ոստիկանները և հսկիչները ծեծել են դատարանի շենքում: Ծեծն, ի դեպ, այն խոսքը չէ: Տղաների, թող ներվի ասել, ոռնոցները հասել են դատարանի դահլիճում նստած հարազատներին և լրագրողներին: Սա Սերժ Սարգսյանի և Հանրապետականի նոր ակորդն է իշխանությունը մինչև վերջ իրենցով անելու: Արդեն վախի մթնոլորտի մասին էլ չէ խոսքը: Հավանաբար այդպիսի թեմա չկա էլ: Հիմա արդեն յուրաքանչյուրը կհասկանա, որ դատարաններից սպասելիքներ թող չունենա: Այսպիսի արդարադատության, քրեակատարողական մարմինների և ոստիկանության բարեփոխումների համար եվրոպաներն ու ամերիկաները տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել:

Հասկանու՞մ եք՝ բյուջե են ծախսել, որպեսզի ստեղծեն արդարադատության շենք, որպեսզի յուրաքանչյուրն այնտեղ անմեղության կամ նվազագույն պատժի կամ արդար պատասխանատվության հույս ունենա, իսկ սրանք բռնում ու «զխկում» են մարդուն: Էլ ինչի՞ եք դատարան տանում: Եվ ընդհանրապես, եթե սպանելու եք մարդուն, դատարանի շենքն ինչի՞ համար է: Տվեք բանկերին կամ օլիգարխներին, նրանք այլ ծրագրեր կունենան այդ շենքերի հետ կապված: Իսկ դուք մարդկանց ծեծեք՝ որտեղ պատահի:

Այսպիսի Հայաստան ո՞վ էր երազում: Անկախությունից առաջ ո՞ր հայն էր ասում՝ ես երազում եմ այն օրը, երբ ինձ կծեծի ոչ թե ռուս պոլիցայը, այլ հայ ոստիկանը: Երազել ծեծվել հայ ոստիկանից, նշանակում է՝ չունենալ անկախության տեսիլք: Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Դավիթ Հարությունյանը և ամբողջ Հանրապետականը այս տեսիլքի մահացու վիրուսներն են, որոնք իրենց գործն անում են մինչև վերջ՝ պետություն կոչվող օրգանիզմի որևէ հատվածում չթերանալով: Իրականում այլ բառեր էին պետք ամբողջ իշխանությանը բնորոշելու համար, սակայն այդպիսի բառերի համար նույնիսկ փողոցն է ափսոս, այն ի վերջո դեռևս անկախ պետության փողոց է:

Ի՞նչ է այս մարդկանց ուզածը: Որպես ի՞նչ են նրանք հարձակվում մեկ այլ մարդու վրա: Հասկացանք, որ «Սասնա ծռերի» տղաներն իրենց հերթին կրակել են մարդկանց վրա, որոնց հանդեպ քաղաքացու իրավունքներից բացի այլ իշխանություն չունեին: Հասկացանք, որ այս տղաները սրբեր չեն, սակայն ո՞վ է սուրբը և ո՞վ չպիտի ծեծվի: Գազանի գոյության դաշտում ընդհանրապես ո՞վ պետք է մտածի, որ կարող է ողջ ու առողջ պրծնել: Սրանք հասկացել են, որ հասարակությունն այդպես էլ «Սասնա ծռերի» տղաների արարքները չի դատապարտում, որոշել են այսպիսի բռնությամբ նախ իրենց վրեժն իրացնել։

Երեկ մեր արդարադատությունն, ինչպես ասում են, դուռը շրխկացնելով հայտարարեց իր սնանկացման մասին, ինչպես բանկերը կամ առևտրային կազմակերպություններն են հայտարարում: Երեկվանից իշխանությունը քարտ բլանշ տվեց Հայաստանի պատիվն արատավորելու գնով եվրոպաներում ապաստարաններ փնտրողներին: Ոստիկանությունը՝ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, արդարադատության նախարարությունը՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, և դատարանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ, պետք է անձամբ պատասխան տան երեկվա դեպքերի համար: Նրանք Հայաստանի քաղաքացուն սադրում են ապստամբության, սադրում են պետությունը վնասող գործողությունների, որպեսզի բոլորին դեմքով իմանան և ավելի վատ վարվեն նրա հետ: Այս մարդկանց սիրտն արդեն արյուն է ուզում, ոչ թե սոսկ բռնություն: Սրանք կարծես թե մեզ հասկացնում են, որ իրենք անպատժելիության այնպիսի մի սանդղակի են հասել, որտեղից արդեն մյուսների հետ հարաբերությունը ենթադրում է դաժան մահ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես պետք է պատասխան տա: Որովհետև նաև նրա ինստիտուտն են զրոյացել: Այս բոլորը քաղաքացուն սադրում են արյան ծարավի: Դե իսկ Սերժ Սարգսյանի պատասխանատվության մասին նույնիսկ ես եմ վախենում խոսել՝ Քադաֆին ու Սադդամ Հուսեյնը գերեզմանում կօրհնեն մահվան իրենց մեթոդները: Գուցե միայն Չաուշեսկուն հասկանա և ցավակցի նրան: Որովհետև ընդամենը կանգնեցվեց պատի տակ և կիսադատ ու դատաստանով դատապարտվեց գնդակահարության: