Ադրբեջան․ ինչու է քաղաքական իսլամը արմատներ գցում

Ինչո՞ւ է քաղաքական իսլամը սկսել այդքան կարևոր դեր խաղալ ադրբեջանական հասարակության մեջ: Ադրբեջանի իսլամական գունապնակում ի՞նչ տեղ են այժմ զբաղեցնում սալաֆիական մահմեդականները, և ինչո՞ւ են իշխանությունները հալածում մարդկանց իրենց կրոնական համոզմունքների համար: Ekhokavkaza-ի թղթակից Կատերինա Պրոկոֆևան թեմայի շուրջ զրուցել է ադրբեջանցի քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեի հետ։

– Հիքմեթ, ինչպե՞ս ստացվեց, որ իսլամիզմը դարձավ գրեթե հիմնական ընդդիմադիր ուժը Ադրբեջանում: Ի՞նչ է ընդհանրապես այսպիսի քաղաքական իսլամը, ինչու՞ սկսեց նման դեր խաղալ, չէ՞ որ 90-ականներին առաջատար քաղաքական ուժերը աշխարհիկ էին (ուղղեք ինձ, եթե սխալվում եմ), իսկ պրոիսլամիստները թույլ էին:

– Գիտեք, այս առեղծվածը ոչ ոք չի կարող լուծել: Ինչո՞ւ հանկարծ աշխարհում ուժգին վերելք ապրեց ծայրահեղական իսլամը՝ ոչ ոք չգիտի։ Նույնը տեղի ունեցավ մեզ մոտ։ Այն կարող է կապված լինել սոցիալ-տնտեսական ծանր դրության, ինչպես նաև համաշխարհային ճգնաժամի հետ, որը այս կամ այն կերպ ազդեց բոլոր երկրների վրա. Ամերիկայում, օրինակ, հիփոթեքային ճգնաժամի տեսքով, Ռուսաստանում՝ մեկ այլ բանի, իսկ իսլամական աշխարհում արմատական իսլամի ահա այսպիսի ալիք բարձրացրեց։

– Որքա՞ն հաճախ են ադրբեջանական հասարակության մեջ սոցիալական բողոքները ներկայացվում որպես պայքար կրոնական ծայրահեղականության դեմ, ինչո՞ւ է դա տեղի ունենում

– Գիտեք, մի ամբողջ շարք պատճառներ կան։ Մեկն այն է, որ մարդիկ չեն կարող օրինական կերպով արտահայտել իրենց պահանջները, ուստի արտահայտում են կրոնական ձևով: Երկրորդ՝ ուղղակի կրոնական թեման. այդ մարդիկ ինչ-որ կերպ խոր հավատացյալ են դարձել, նրանք չեն կարողանում կյանքում իրենց տեղը գտնել և ելքը տեսնում են արմատական իսլամի մեջ։ Ըստ նրանց՝ կան որոշ թշնամական համաշխարհային ուժեր՝ ի դեմս աշխարհիկ պետության կամ եվրոպական ժողովրդավարական երկրների, և պետք է նրանց դեմ պայքարել։ Այսինքն, կան և՛ այս, և՛ այլ պատճառներ։ Եթե ասենք, որ արմատական իսլամը աճում է ոչ ժողովրդավարական պայմաններում, այդպես չէ: Նա զարգանում է նաև ժողովրդավարության պայմաններում: Եվրոպայում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի մի քանի հազար քաղաքացիներ մեկնեցին Սիրիա՝ համալրելով «Իսլամական պետության» շարքերը: Նրանք կարող էին ժողովրդավարական միջոցներով արտահայտել իրենց բողոքը, բայց ահա թե ինչպիսի ուղի ընտրեցին։ Այսինքն՝ այսպիսի մի նոր իրողություն, որին անհնար է միանշանակ մոտենալ։

– Քանի՞ տոկոս են կազմում ակտիվ մահմեդականներն Ադրբեջանում. ոչ ավելի, քան 20 տոկո՞ս:

– Ըստ մեր նախորդ հարցումների (քանի որ հիմա մեզ մոտ՝ Բաքվում, անհնար է հարցումներ անցկացնել, չեն թույլատրում), հարցին՝ «Հավատո՞ւմ եք Աստծուն», 95 տոկոսը պատասխանել է «այո», 2-3 տոկոսը՝ աթեիստ են, իսկ մնացածը, ասենք, անտարբեր։ Բայց երբ հարցնում եք՝ որքա՞ն խորն եք հավատում Աստծուն, օրինակ, հետևու՞մ եք կրոնական պատվերներին՝ ամենօրյա աղոթքը, պահքը, ուխտագնացությունը, ողորմություն տալ աղքատներին և այլն, պարզվում է, որ այդ մարդկանց տոկոսը ընդամենը 15-17 տոկոս է: Սրանք մեր վերջին թվերն են, երեք տարվա վաղեմության: Այդ 15 տոկոսը ևս մեզ համար շատ մեծ թիվ է, որպեսզի գնահատենք իրավիճակի վտանգը: Այդ 15 տոկոսի մեջ միգուցե մեկ կամ կես տոկոսը պատրաստ է կռվելու։

Այո, կան մոլի հավատացյալներ, և ի՞նչ, դա նրանց անձնական գործն է, Սահմանադրությունը չի արգելում, սակայն նրանց թվում կա մի շատ փոքր տոկոս, որը պատրաստ է պայթեցնել, գնալ ինչ-որ տեղ ջիհադի, ունենալ չորս կին և այլն: Նրանք չպետք է այնքան լինեն, որ վտանգ դառնան։ Եթե այդպիսի հինգ մարդ էլ հավաքվի, նրանք միասին արդեն իսկ կարող են մեծ աղմուկ բարձրացնել, մեծ վտանգ ներկայացնել։ Իմ ներկայացրած թվերը փոքր թվեր չեն։

– Ի՞նչ տեղ են այսօր զբաղեցնում սալաֆիականները Ադրբեջանի իսլամական գունապնակում։

– ժողովրդավարության և աշխարհիկ պետությանը սպառնալիք ներկայացնելու առումով նրանք կարևոր դեր են խաղում։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ շիաները վտանգավորությամբ երկրորդ տեղում են նրանցից հետո։ Սալաֆիականները չեն էլ պատրաստվում բանավիճել ձեզ հետ: Շիաների հետ կարելի է քննարկել, ապացուցել ճշմարտացիությունը և այլն, իսկ սալաֆիականներն ընդհանրապես չեն ցանկանում խոսել։ Նրանք հստակ գիտեն՝ ինչ պետք է անել, և ով այդպես չի անում, պետք է սպանել։ Հնարավոր չէ բանավիճել: Նրանք ունեն ներքին կանոնակարգ՝ եթե մարդ համաձայն չէ ձեզ հետ, ընդհատում եք վեճը, շրջվում և հեռանում եք, շարունակելով անել այն, ինչ անում էիք։ Այնպես որ ծայրահեղական սուննիները՝ սալաֆիական մահմեդականները, ավելի վտանգավոր են։

– Ինչ վերաբերում է շիական քաղաքական կառուցվածքներին, ապա նրանցից քանի՞սն են իշխանամետ, քանի՞սն են կապված Իրանի հետ, քանի՞սն են անկախ, ինչպիսի՞ն է իրավիճակը:

– Շիական կառույցները, որոնք կապված են պետության հետ, այսպես կոչված մայր եկեղեցին է, մեր պարագայում այն ձևավորվել է պետության կողմից, դեռ ցարական ժամանակներում…

– Այսինքն, պաշտոնական հոգևորականությունը…

– Այո, պաշտոնական հոգևորականությունը Կովկասի մահմեդականների վարչությունն էր, Ստալինը ևս նրանց վերակենդանացրեց։ Նրանք գոյություն ունեն, սակայն ոչ մի հարգանք չունեն իսկական հավատացյալների շրջանում, քանի որ հավատացյալները գիտեն՝ դրանք կողմնակալ մարդիկ են, որոնք պարզապես կրկնում են այն, ինչ ասվում է հեռուստատեսությամբ։ Կան նաև նրանք, ովքեր հետևում են Իրանի հրահանգներին. դրանք Հեզբոլլահ կուսակցության տարատեսակ արգելված ճյուղերն են, ինչպես նաև մի շարք այլ փոքր արմատական կազմակերպություններ։ Բայց կան նաև ժողովրդավարական շիական կազմակերպություններ, որոնք համարվում են անկախ, և համերաշխ են երկրի ընդհանուր ժողովրդավարական շարժման հետ, օգնում են, մասնակցում ընտրություններին, միասին աջակցում ժողովրդավարությանը։ Այսպիսով, շիաների շրջանում կան նման երեք սեգմենտներ։

– Ձեր հետազոտությունում վկայակոչվում են թվեր, որ վերջին 15 տարիների ընթացքում Ադրբեջանում կրոնական հողի վրա երեք հազար մարդ է դատապարտվել։ Դա շա՞տ է։

– Դժվար է ասել ՝ շատ է դա, թե քիչ։ Մեզ համար դա շատ է: Գուցե կան երկրներ, որտեղ այդ թիվը հասնում է 30 հազարի, 100 հազարի… Ես միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում տեսել եմ, որ Ուզբեկստանում տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել: Դե, մենք էլ ունենք երեք հազար… Այս ամենը մեզ շատ է մտահոգում, մենք չենք կարող աչք փակել դրա վրա, մենք ցանկանում ենք կրոնական մարդկանց հետ նստել, քննարկել, գալ համաձայնության՝ ինչպես միասին շարունակել ապրել։ Սակայն, ցավոք, ներկայիս կառավարությունը այլ ճանապարհ է ընտրել՝ բռնաճնշումներ և վերջ։ Չգիտեմ՝ որքանով նրա մոտ դա կստացվի։

– Որքանո՞վ է շիաների և սուննիների, ինչպես նաև պանթուրքիզմի ու պանիսլամիզմի կողմնակիցների միջև բաժանումը ազդել մարդկանց այսօրվա մտածողության վրա։

– Կարծում եմ՝ այն զգալի ազդեցություն է ունեցել, քանի որ եվրոպական ավանդական գաղափարախոսությունները, ինչպիսիք են լիբերալիզմը կամ կոմունիզմը, սոցիալիզմը, այստեղ առանձնապես զարգացած չեն։ Ժողովրդավարությանն ու լիբերալիզմին թույլ չեն տալիս զարգանալ, իսկ կոմունիզմն ու սոցիալիզմը ընդհանրապես ինչ-որ այլմոլորակային բան են իսլամական աշխարհի ժողովրդի համար. սա նույնպես մի առանձին ֆենոմեն է: Կան ձախակողմյան որոշ ուժեր, բայց շատ թույլ են, և, ընդհանուր առմամբ, խորհրդային համակարգը խորապես խորթ էր ադրբեջանական հասարակությանը: Այսպիսով, հոգևոր ոլորտում առաջանում է մի բաց, որը ինչ-որ կերպ պետք է լրացնել: Ուստի հերթով տեղի է ունենում հետևյալը՝ սկզբից առաջ է գալիս ազգայնականությունը, թուրքիզմը, պանթուրքիզմը, ապա իսլամը։ Ապա իսլամը սկսեց բաժանվել նման մասերի, որոնց մասին խոսեցինք, և ունենք այն, ինչ այժմ ունենք։

Նաև կցանկանայի ավելացնել, որ չգիտենք՝ ինչպիսին կլիներ կոնֆլիկտայնության իրական պատկերը, եթե ազատ հասարակություն լինեինք։ Այժմ մենք ունենք մի կոշտ ավտորիտար ռեժիմ, երբ բոլորը սեղմված են, և թե ինչ կպատահի, երբ բոլորին ազատ արձակեն՝ մի մեծ գիտական առեղծված է: Ի դեպ, մեր ավտորիտար իշխանությունը միշտ նշում է, որ «այո, մենք ճնշելու ենք, քանի որ արժանի են, դա էլ դեռ բավարար չէ: Էլ ի՞նչ խոսել նրանց հետ։ Եթե մենք նրանց ազատություն տանք, անմիջապես կսկսեն պայթեցնել։ Տեսեք ինչ է կատարվում Լոնդոնում, Փարիզում»: Այժմ ունենք խնդիրներ, սակայն երբ դառնանք ազատ հասարակություն, այդ հարցերին ևս պետք է լուծում գտնել: Իսկ թե ինչպես՝ ոչ ոք չգիտի։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել