Տնտեսվարողների տեսչական ստուգումները մինչև այս տարեվերջ կկասեցվեն

Տնտեսվարողների տեսչական ստուգումները մինչև այս տարեվերջ կկասեցվեն։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 29-ի կառավարության նիստում։ Այս տարվա հունվարից մինչև հուլիս տեսչական ստուգումների իրականացումը սահմանափակվել էր։

«Հաշվի առնելով այս պահին Հայաստանում տեսչական բարեփոխումների գործընթացն ու օպտիմալացումը , ինչպես նաև տնտեսվարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատելու անհրաժեշտությունը, հանձնարարում եմ ներկայացնել որոշման նախագիծ ստուգումների իրականացումը մինչև տարեվերջ կասեցնելու ուղղությամբ»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ ստուգումների կասեցումը նպատակ ունի տնտեսվարողներին հեռու պահել անհարկի ստուգումներից, խոսքը, սակայն չի վերաբերում բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսվարողներին։

Տեսչական բարեփոխումների գործընթացի շրջանակում մի շարք տեսչություններ կանգնել են լուծարման եզրին։ Դրանցից է օրինակ Լեզվի պետական տեսչությունը։ Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել էր, որ տեսչությունը անհարկի խոչընդոտներ է ստեղծում և հնարավոր է դրա լուծարման արդյունքում պետբյուջեից գումար խնայել։