Սերժ Սարգսյանի կենսագրությունից հանել են Բաքուն և Աղդամը

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ ասվում է, որ «1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն»:

Չակերտներում առնված հատվածը վիճարկելի է, եթե չասենք՝ չի արտահայտում իրականությունը:

Նախ, Արցախում «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» կառույց չի եղել երբեք: Չկա այնպիսի փաստաթուղթ, որի վրա գրված լինի «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե»: Արցախում եղել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակ, որի առաջին հրամանատարը եղել է Արկադի Կարապետյանը, ժողովրդի շրջանում ավելի հայտնի «Դաշնակ Ագո» անունով:

1991-ի դեկտեմբերի վերջերին Արցախում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում չճանաչված երկրի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը ՀՅԴ-ից: Քանի որ Արցախում չկար նախագահի պաշտոն, Մկրտչյանը երկրի փաստացի առաջնորդն էր:

Դա, անշուշտ, չէր կարող բավարարել Հայաստանում նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս, գաղափարական խորը հակասություններ ունենալով ՀՅԴ-ի հետ, Արցախում առաջ էր մղում ՀՀՇ տեղական ցանցի երկու առաջնորդներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

1992-ի հունվարին կազմվեց Արցախի կառավարությունը: Առաջին վարչապետ Օլեգ Եսայանի կառավարության կազմում Սերժ Սարգսյանը նշանակվեց Պաշտպանության կոմիտեի ղեկավար: Եթե Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» ասելով նկատի ունեին այս պաշտոնը, ապա այդ դեպքում նա ոչ թե 1989-1993-ին է զբաղեցրել այդ պաշտոնը, այլ ընդամենը 7 ամիս՝ 1992-ի հունվար-օգոստոս ամիսներին:

1992-ի օգոստոսի 10-ին Արցախում լուծարվել էր կառավարությունը և փոխարենը մի քանի օր անց ստեղծվել էր Պաշտպանության պետական կեմիտեն՝ ՊՊԿ-ն, որը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը: 7 հոգուց կազմված այդ մարմնում Սերժ Սարգսյանը նշանակվեց բանակի նախարար, իսկ Սամվել Բաբայանը՝ բանակի հրամանատար: Բոլորին է հայտնի, որ Սամվել Բաբայանն էր ինքնապաշտպանության ուժերի փաստացի հրամանատարը: Ավելին, Բաբայանի և Սարգսյանի հարաբերությունները հարթ չէին, և երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1993-ի օգոստոսին Սերժ Սարգսյանին հրավիրեց Հայաստան, որպեսզի նա զբաղեցնի Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը, Սարգսյանը Երևան եկավ ոչ թե Ստեփանակերտից, այլ Մոսկվայից, որտեղ անց էր կացրել մի քանի ամիս:

Սերժ Սարգսյանի կենսագիրները «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» ասելով ենթադրաբար նկատի են ունեցել Արցախի ընդհանուր պաշտպանական համակարգը, որի կազմում ներգրավված են եղել մի շարք զորահրամանատարներ և քաղաքական գործիչներ, որոնց թվում՝ Սերժ Սարգսյանը: Վերջինիս Հայաստան տեղափոխվելուց հետո պաշտոնական փաստաթղթերում Արցախի պաշտպանական համակարգի ղեկավար Սամվել Բաբայանը կրել է «ԼՂ պաշտպանության նախարար» և կամ «ԼՂ բանակի հրամանատար» եզրերը:

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նա «1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական»: Թե ինչու է հատուկ նշվել Պողոսյանի անունը, բացատրելի է: Երկար ժամանակ, անգամ մինչև այժմ, գրվում է, որ Սերժ Սարգսյանը եղել է մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի օգնականը: Որպեսզի այդ շփոթը տեղ չգտնի, Սարգսյանի կենսագրականում հատուկ տեղ է գտել Պողոսյանի անունը:

Այսպիսով, մինչև 1988-ը Սերժ Սարգսյանը եղել է կոմունիստ: Ըստ պաշտոնական կենսագրության՝ Սարգսյանը «Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ»:

Պաշտոնական կենսագրության մեջ որևէ խոսք չկա այն մասին, որ Սարգսյանը եղել է նաև Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ: 1989-ի նոյեմբերին, երբ կայացավ ՀՀՇ առաջին համագումարը, Սերժ Սարգսյանը պատվիրակ էր Արցախից:

Մինչև 1996 թվականը, ավելի հստակ, մինչև այն հրամանագիրը, որով Լևոն Տեր-Պետրոսյանը Սարգսյանին նշանակեց Հայաստանի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, պաշոնական տեղեկագրերում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում Սերժ Սարգսյանը կրում էր Սերժիկ Սարգսյան անունը:

Թե երբ է Սարգսյանը հրաժարվել իր անվան վերջին իկ մասնիկից հայտնի չէ: Նշենք, որ Խորհրդային Հայաստանում և Արցախում Սերժիկը շատ տարածված անուն էր: Ընդհանրապես, այդ ժամանակ տարածված էին իկ վերջավորությամբ այլ անուններ ևս՝ Հրաչիկ, Վաչիկ, Ռաֆիկ և այլն:

Կասկածի տեղիք է տալիս նախագահ Սարգսյանի պաշտոնական կենսագրության այն հատվածը, ըստ որի 1979-ին նա եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ: Ինչո՞ւ: Որովհետև Սերժ Սարգսյանի (տե՛ս նկարը) կոմերիտական տոմսում նշված է, որ նա հաշվառման է կանգնած եղել Աղդամի քաղկոմում (Агдамский горком, ВЛКСМ) առնվազն 1982-ի մայիս-դեկտեմբեր ամիսներին և այնտեղ վճարել կուսակցական անդամավճարը: Այսպիսով, ստացվում է, որ 1982-ին Սերժ Սարգսյանը, փաստաթղթում՝ Саркисян Сержик, աշխատել է Աղդամի քաղկոմում, այլ ոչ Ստեփանակերտում:

Բացի այդ, կասկածի տեղիք է տալիս նախագահ Սարգսյանի պաշտոնական կենսագրության այն հատվածը, ըստ որի 1979-ին նա եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ մեկ այլ փաստով: Այս նկարում երևում է, որ Սարգսյանը 1980-ին ավարտել է Բաքվում գտնվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը»:

Հայաստանի որևէ նախագահ, անկախ նրանից՝ ընտրվել է ժողովրդի քվեով կամ ոչ, իրավունք չունի սրբագրումներ մտցնել իր կենսագրության մեջ: Կլինի դա Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Պետք է նաև հասկանալ, որ ԽՍՀՄ տարիների համար բոլորովին էլ ամոթ չէր կամ անպատվաբեր չէր ոչ Աղդամի քաղկոմում աշխատելը, և ոչ էլ՝ Բաքվում գտնվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտելը: Կոմկուսի աստիճաններ բարձրացող ո՞ր հայ կոմունիստը չէ սովորել Բաքվի կուսակցական դպրոցում: Ավելին, Աղդամը, որը տարիներ առաջ ստացել է հայաշունչ Ակնա անունը, այսօր Արցախի մաս է կազմում:

2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը կավարտի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետը: Եթե նրա մասին գիրք կամ գրքեր գրվեն, ապա անհրաժեշտ է, որ նրա կենսագրությունը ներկայացվի ամբողջական և ոչ խեղաթյուրված, քանի որ նա ոչ միայն Հայաստանի նախագահն է, այլ 1988-ից ի վեր Հայաստանի վերջին 30 տարիների պատմության մեջ կարևոր և առանցքային դերակատարություն ունեցող անձնավորություն:

Մեկնաբանել