ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր․ ինչ սպասել այս անգամ՝ Eurasianet-ի անդրադարձում

Մարտի 21-ին Երևանում՝ արտաքին գործերի նախարարությունում, կայացած արարողությանը Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դևինը և առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը և Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և առևտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նախաստորագրեցին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Նոր շրջանակային համաձայնագիրն ամենայն հավանականությամբ կստորագրվի նոյեմբերին։ Ավելի վաղ ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցում էր մեկ այլ՝ Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ։ 2013թ․ սեպտեմբերին, սակայն, մոտ երեք տարվա բանակցություններից հետո շատերի համար անսպասելիորեն նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միությունը։ Ի՞նչ սպասել այս անգամ։ Թեմային անդրադարձել է Eurasianet կայքի սյունակագիր Ջոշուա Կուչերան, որը փորձել է մեկնաբանություններ ստանալ ինչպես եվրոպացի, այնպես էլ հայաստանյան դիվանագետներից, պարզել, թե ինչ դիրքորոշում ունի Մոսկվան այս անգամ։ 

«Բոլոր հաշվարկներով, նոր այս համաձայնագիրը, ըստ ամենայնի, կստորագրվի առանց դրամայի, որին ականատես եղանք չորս տարի առաջ՝ գերազանցապես այն պատճառով, որ այս մեկը պարզեցված/թուլացված է այն աստիճանի, որ չսպառնում երկրում Ռուսաստանի դիրքորոշմանը»,- գրում է Կուչերան։

Նա նշում է, որ փաստաթուղթը չի հանրայնացվել, սակայն հայ և եվրոպացի դիվանագետներն ասում են, որ այն նման է 2013թ․ համաձայնագրին՝ հանած ազատ առևտրի վերաբերյալ դրույթները, որոնք այժմ կարող են հակասության մեջ մտնել ԵՏՄ-ում Հայաստանի պարտավորությունների հետ։

Ռուսաստանցի պաշտոնյաները հրապարակայնորեն չեն մեկնաբանել համաձայնագիրը, սակայն կուլիսներում, ինչպես Eurasianet-ին ասել է Երևանում տեղակայված եվրոպացի մի դիվանագետ, «Լավրովը կանաչ լույս է տվել դրան»։

ՀՀ փոխարտգործնախարար և գլխավոր բանակցող Կարեն Նազարյանն էլ ասել է, որ «բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ խորհրդակցություններում, հայկական կողմը պարզաբանել է, որ այլևս առկա չէ Խորը և համապարփակ ազատ առևտրի հարցը»։

Համաձայնագիրը, որքան էլ համեստ է, այդուհանդերձ, Հայաստանին տալիս է Ռուսաստանի հետ սերտ կապերը որոշ առումով հակակշռելու հնարավորություն, կարծում է հեղինակը։

Կարեն Նազարյանը նկատել է․ «Երկար ժամանակ մենք վարել ենք բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, և մեր նպատակն է պահպանել շատ հավասարակշռված երկխոսություն մեր կարևոր գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ»։

Բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ այս անգամ համաձայնագիրը վտանգված չէ

Կուչերան գրում է, որ շատերը Հայաստանում զգուշավորությամբ են մոտենում հարցին՝ կարծելով, որ Մոսկվան կարող է խանգարել։ Հեղինակը վկայակոչում է վերջերս ստեղծված լարվածությունը՝ կապված Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարարության և հայաստանյան իշխանությունների արձագանքի հետ։ Սվիտալսկին քննադատել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու բարձրացրել դրա վստահելիության հարցը, Հանրապետական կուսակցությունը պատասխանել էր, որ քննադատությունը ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ է։

«Այդուհանդերձ, բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ այս անգամ համաձայնագիրը վտանգված չէ»,- գրում է հեղինակը։

Պատճառներից մեկն աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունն է 2013-ից ի վեր։ Յանուկովիչի ղեկավարությամբ Ուկրաինան բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, և Ռուսաստանը մտադիր էր ձախողել այն։ Հայաստանին հասցված վնասն էլ կողմնակի էր՝ Յանուկովիչին վախեցնելու համար։

«Դա երբեք Հայաստանին չի վերաբերել, այլ Ուկրաինային․ դա ազդանշան էր Ուկրաինային՝ նայիր, թե ինչ կարող ենք անել»,- Eurasianet-ին ասել է եվրոպացի դիվանագետը։

Մյուս պատճառն այն է, որ այս համաձայնագիրը համեմատաբար անվնաս է Ռուսաստանի համար։ Դրանով Հայաստանը ստանձնում է քաղաքական բարեփոխումների հանձնառություն, որոնցից շատերը՝ պոտենցիալ դժվար։ Փաստաթուղթն առաջարկում է տնտեսական քիչ և անվտանգության ոչ մի կապեր Եվրոպայի հետ։ 

Եվրոպացի դիվանագետի կարծիքով՝ ռուսներին չի հետաքրքրում Հայաստանը։ Նրանց հետաքրքրում է իրենց ռազմակայանը՝ Թուրքիայի հետ սահմանին, ռուսներն ակնկալում են խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Հենց դա է նրանց հետաքրքրում։ Հայաստանն էլ, ըստ դիվանագետի, չափազանց զգուշավոր էր այն հարցում, որ համաձայնագիրը չհակասի ԵՏՄ-ում ստանձնած պարտավորություններին։

Ստելլա Մեհրաբեկյան