Ժիրայր Սեֆիլյանը հեռացվեց նիստերի դահլիճից

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանը որոշեց Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի նկատմամբ սանկցիա կիրառել` հեռացում նիստերի դահլիճից տասը ժամով:

Որոշում կայացվեց այն բանից հետո, երբ նախազգուշացումից հետո վերջիններս կրկին ոտքի չկանգնեցին` դատավորի դահլիճ մտնելուց:

«Ոտքի չկանգնելը մեր իրավունքն է, մեր իրավունքին ոչ ոք չի կարող բռնանալ»,- հայտարարեց Սեֆիլյանը:

Դատարանն արձանագրեց նաև, որ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը ներկա չէ դատական նիստին:

Ավելի վաղ սանկցիա կիրառվել է նաև Գևորգ Սաֆարյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ` տասը ժամ հեռացում նիստերի դահլիճից:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով [ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ]։

Մեկնաբանել