Արել եմ ամեն ինչ՝ ԼՂ հարցը սառեցված չպահելու համար, բայց չի հաջողվել․ Աբդուլլահ Գյուլ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել ադրբեջանական APA գործակալությանը։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ նա ասել է, որ հարցը «չպետք է սառեցված մնա»։

«Անցել է 20-30 տարի։ Ի՞նչ է, պետք է ևս հիսո՞ւնը անցնի։ Ես դա արել եմ հիմնախնդրի լուծման համար։ Ցավոք, դա արդյունք չի տվել»,- ասել է Գյուլը՝ անդրադառնալով իր նախագահության ընթացքում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին։

Թուրքիայի նախկին նախագահը շեշտել է, որ իրենք «երբեք չեն հաշտվի Ադրբեջանի հողերի զավթման հետ»։

«Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն։ Կա լուծման երկու ճանապարհ՝ պատերազմ կամ խաղաղություն ու դիվանագիտությոն։ Իհարկե, դիվանագիտական ճանապարհով լուծման համար անհրաժեշտ է վարել բանակցություններ»,- հայտարարել է Գյուլը ու նշել, որ «մեծ տերությունները երկար ժամանակ թեմային պատշաճ ուշադրություն չեն դարձրել»։

«Անկասկած, պետք է նախընտրություն տալ դիվանագիտական լուծմանը, քանի որ մենք տեսնում ենք՝ ինչի են հանգեցնում պատերազմները։ Ես արել եմ ամեն ինչ այդ խնդիրը սառեցված վիճակում չպահելու համար։ Ցավոք, դա չի հաջողվել»,- ասել է Աբդուլլահ Գյուլը` ափսոսանք հայտնելով, որ նոր սերունդները մեծանում են «իրենց հողերից հեռու»։

.

Մեկնաբանել