Բանակում ծառայելը պետք է լինի պատվաբեր, հատկապես՝ պաշտոնյաների համար․ Թևան Պողոսյան

Վերջին օրերին հայկական մեդիա տիրույթում քննարկման թիրախում են պաշտոնյաներն ու նրանց երեխաները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ։

«Մենք պետք է ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ պաշտոնյաները ոչ թե մտածեն, թե ինչպես խուսափեն բանակից, այլ որ բանակում ծառայելը լինի պատվաբեր և հատկապես բարձր պաշտոնյաների համար՝ լինի ամենամեծ պատիվը»,- ասում է Պողոսյանը։

Հունիսի 28-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց պաշտոնյաների զավակների ծառայել-չծառայելու խնդրի մասին։ Factor.am կայքը հարցում էր ուղարկել ՊՆ-ին՝ 48 պաշտոնյաների զավակների՝ բանակում ծառ արդյոք ծառայել են բանակում։

«48 տված անուն ազգանուններից ծառայել են 26-ը։ 2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն։ Պահեստազորի բժշկական ծառայության սպա կա, որը բազմաթիվ պահեստազորի բժշկական սպաների պես ակտիվ բժշկական ծառայություն չի անցել, 6 հոգի այս պահին ունեն տարկետման իրավունք՝ մի մասը ակադեմիական, մի մասը՝ առողջական, և 16 հոգին ազատված է ծառայությունից»,- նշել էր ՊՆ նախարարը։ Ըստ նախարարի՝ ծառայությունից, ընդհանուր առմամբ, ազատված է ցուցակի 30 տոկոսը։

Ծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների ցանկում են, օրինակ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի երկու որդիները, Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր դարձած Վարդան Ղուկասյանի որդին, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի որդին, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի որդին, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին, Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի որդին, վարչապետ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը և այլք։

Պաշտոնյաներն իրենց զավակների՝ զինվորական ծառայություն չանցնելու վերաբերյալ վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով հանդես եկան։ Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ չի ծառայել՝ ալերգիա ունենալու պատճառով։

Իսկ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, լրագրողների հարցին ի պատասխան, նշել էր․ «Ես, ճիշտն ասած, մանրամասները չգիտեմ՝ իմ որդին ինչու չի ծառայել, բայց հաստատ գիտեմ, որ չի ծառայել, մնացածը ձեզ կարող եմ հետո տեղյակ պահել»։

Ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնյաներից շատերի զավակները խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ պետք է անել այնպես, որ ծառայելը պատվաբեր լինի։

Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝ Փոխգնդապետ Աշոտյանը և ՀՀԿ-ի ոսկե տասնյակը

Անի Գրիգորյան

Մեկնաբանել