Երեք նախագահ, երեք Սահմանադրության կեղծում

Անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ․ հուլիսի 5-ին: 1991թ. անկախության հռչակումից հետո երկիրը կառավարվում էր առանց Սահմանադրության՝ 1990թ. ընդունված Անկախության հռչակագրով և օրենսդրական ակտերով:

Օրվա ընդդիմությունը, առաջին հերթին ՀՅԴ-ն ու ԱԺՄ-ն, քննադատում էին հանրաքվեի դրված Սահմանադրության նախագիծը՝ հավաստիացնելով, որ այն «կարված է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հագով»: Ընդդիմությունը հայտարարեց, որ ինչպես ընտրությունների (նույն օրը՝ հուլիսի 5-ին, տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրությունները), այնպես էլ հանրաքվեի արդյունքները կեղծվել են:

2005թ․ Սահմանադրությունը ենթարկվեց փոփոխությունների, ինչը հիմնականում պայմանավորված էր 2001թ. Եվրախորհրդին անդամագրված Հայաստանի ստանձնած պարտավորություններով:

Սահմանադրական փոփոխությունները ստացան «ուրվականների հանրաքվե» պիտակը, քանի որ ցածր մասնակցության պայմաններում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը և նրան աջակցող ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ապահովեցին անհավատալի բարձր տոկոսներով «այո»: Ընդդիմությունը, որ բոյկոտել էր հանրաքվեն, հայտարարեց, որ արդյունքները կեղծվել են:

Ընդդիմությունը պնդում էր՝ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իշխանության վերարտադրության նպատակով, որպեսզի 2008թ. նախագահական ժամկետի ավարտից հետո կարողանա մնալ իշխանության:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998թ., երբ դեռ գործում էր «իր հագով կարված» Սահմանադրությունը, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իշխանությունից հեռացավ իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո:

Երբ Սերժ Սարգսյանը շատերի համար զարմանալիորեն հայտարարեց 2015թ․ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մասին (զարմանալի, որովհետև ո՛չ Սարգսյանի, ո՛չ իշխող Հանրապետական կուսակցության ծրագրերում դրա անհրաժեշտության մասին երբևէ ակնարկ անգամ չէր եղել նախկինում, ավելին՝ Սարգսյանն ու ՀՀԿ-ն քննադատել էին նրանց, ովքեր արտահայտվում էին կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու օգտին), հրապարակային քննադատությամբ հանդես եկան և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները:

2015թ․ աշնանը գրած հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ Սահմանադրական «բարեփոխումների» նպատակը գործող նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է։ «Ուստի «այո»-ի ճակատի հավաստիացումներն առ այն, թե իբր սահմանադրական փոփոխությունները ձեռնարկված են բացառապես հանուն Հայոց պետականության ամրապնդման, իշխանության ճյուղերի հավասարակշռության ապահովման, լիակատար օրինականության հաստատման, կոռուպցիայի և հովանավորչության վերացման, ժողովրդավարության հետագա խորացման, մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության և այլն, փարիսեցիությունից կամ ցինիզմից բացի, այլ բառով դժվար է բնորոշել»,- գրեց Տեր-Պետրոսյանը:

Նույն շրջանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գերմանական «Դոյչե Վելլե» (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերության հետ զրույցում ասաց, որ «ստեղծվում է մի սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը»:

«Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում: Ըստ էության, սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը»,- նշեց Քոչարյանը:

Ինչպես 1995թ․ ու 2005թ․, այնպես էլ 2015թ․ սահմանադրական փոփոխությունները, օրվա ընդդիմության պնդումով, ընդունվեցին համատարած կեղծիքներով: Ճիշտ այնպես, ինչպես համապետական մյուս ընտրությունները՝ Հայաստանի Սահմանադրությունը ունի ճիշտ այնքան լեգիտիմություն, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը 1995-ից հետո, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց նախագահության տարիներին:

Լավագույն սահմանադրությունը (նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական) չի կարող ստեղծել համապատասխան պայմաններ ժողովրդավարական արժեքների կյանքի կոչման համար, երբ կեղծվում են ընտրությունները: Հայաստանում տարբեր եղանակներով կեղծվում են ինչպես համապետական ընտրությունները, այնպես էլ սահմանադրական հանրաքվեները:

Սերժ Սարգսյանը 2015թ․ սահմանադրական փոփոխություններով սպանեց Հայաստանի՝ ժողովրդավարական երկիր, իրավական պետություն դառնալու հույսերը, քանի որ այդ փոփոխությունները ուղղված են մեկ նպատակի՝ ամրագրել այսօրվա իշխող ՀՀԿ-ի մենաշնորհը, այն է՝ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության շարունակականությունը:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մենաշնորհը ամրագրվեց սահմանադրորեն:

1990թ․ օգոստոսին, երբ ընդունվեց Անկախության հռչակագիրը, իրավամբ այդ պատմական փաստաթղթի գլխավոր կետը Հայաստանում միակուսակցական համակարգը բազմակուսակցականով փոխարինելն էր:

Սերժ Սարգսյանը շրջեց պատմության այդ էջը և հանուն իր և իր ընտանիքի, Հայաստանը կրկին դրեց միակուսակցական, այս դեպքում՝ ՀՀԿ-ական ռելսերի վրա:

Ավելի մեծ չարիք ու հարված պետականությանը դժվար էր պատկերացնել:

Մեկնաբանել