Հայրական արձակուրդ․ ինչու է այն կարևոր

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից 2015-2016-ին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում» զեկույցի համաձայն՝ 100 տղամարդուց 85-ը ընդունել է, որ իր դերը երեխայի խնամքում լավագույն դեպքում երկրորդական է՝ որպես օգնող: Հայաստանում երեխայի ծնվելու հայրը նույնպես դեպքում կարող է վճարովի արձակուրդից օգտվել։ Սակայն վիճակագրություն չկա, թե հայրերի քանի տոկոսն է օգտվում իր այդ իրավունքից։ Հայրական վճարովի արձակուրդը գենդերային հավասարության հասնելուն ուղղված քայլերից մեկն է, որն առաջինը ձեռնարկել է Շվեդիան՝ 1974թ․։

Հարցումը ցույց է տվել, որ ամուսնական զույգերը շատ քիչ գործ են միասին անում՝ հիմնականում ուտելիք գնելը՝ 38%, և վճարումներ անելը՝ 21%։ Տնային մնացած հոգսերը գենդերային հստակ բաժանմամբ կիսված են ամուսինների միջև:

Հայաստանում չկա հետազոտություն այն մասին, թե հայրերի որ մասն է մնում տանը՝ երեխայի ծնվելու ժամանակ և խնամում նրան, սակայն օրենքը սահմանում է, որ վճարովի արձակուրդից կարող է օգտվել ինչպես մայրը, այնպես էլ հայրը. երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխային խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

Հարցման համաձայն 100 տղամարդուց միայն 2-ն է նշել, որ սովորաբար ինքն է զբաղվում երեխայի ամենօրյա խնամքով, 100-ից 3-ն է սովորաբար մնում տանը՝ երեխայի հետ, երբ նա հիվանդ է եղել, և միայն 1-ն է նշել, որ լողացնում է երեխային:

100 տղամարդուց 7-ն է սովորաբար խաղում երեխայի հետ, 100 կնոջից՝ 27-ը:

Շվեդիան առաջին երկիրն է, որ ներդրել է հայրական վճարովի արձակուրդի պրակտիկան: Դա տեղի է ունեցել 1974-ին: Հասարակությունն այնքան էլ հեշտ չի ընդունել փոփոխությունը: Հայրական արձակուրդ վերցնողներին սկզբում անվանել են թավշյա հայրիկներ: Ժամանակի ընթացքում, սակայն, դա սովորական է դարձել:

Սա կանանց և տղամարդկանց հավասարության ճանապարհին կարևոր քայլերից է, որ մեծապես նպաստում է նաև տնտեսական աճին:

Վճարովի հայրական արձակուրդի առումով առաջատար են հյուսիսային երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան և Իսլանդիան: Շվեդիայում յուրաքանչյուր նորածին երեխայի համար ծնողները միասին ունեն 480 արձակուրդային օր: Եթե զույգ է ծնվել, դրան գումարվում է ևս 180 օր: Ծնողները մինչև երեխայի 8 տարեկան դառնալը կարող են վերցնել արձակուրդային այս օրերը: Ընդհանուր արձակուրդի մեջ 60 օր տրամադրվում է հորը՝ աշխատավարձի 80 տոկոսի պահպանմամբ:

Հայրական արձակուրդի շվեդական փորձը տարածում է գտել նաև այլ երկրներում: 2007թ․, օրինակ, Գերմանիան ընդունել է 60 օր վճարովի հայրական արձակուրդի պրակտիկան: Իսկ Պորտուգալիայում հայրական արձակուրդը պարտադիր է:

Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին՝ 55%-ը, քիչ ժամանակ է անցկացնում երեխայի հետ՝ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառով, սակայն, 51%-ը նշել է, որ կցանկանար ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ:

Վճարովի հայրական արձակուրդը ոչ միայն բխում է իրավունքի՝ կանանց և տղամարդկանց հավասարության նպատակից, այլև տնտեսության աճի և երկրում առկա ներուժի առավել արդյունավետ իրացման տրամաբանությունից։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել