Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատավարությունը։ Նիստի սկզբում հարազատները խմբի անդամներին դիմավորեցին ծափահարություններով:
Խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը փորձեց դատարանից ճշտել, թե որտեղ է իր պաշտպանյալը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ նախորդ դատական նիստին Խանդոյանի նկատմամբ սանկցիա է կիրառվել և նա գտնվում է դատարանի շենքում:
Փաստաբանը նշեց, որ նիստերի դահլիճում գտնվում է փոխգնդապետ Ղազարյանը, որը ծեծել է իր պաշտպանյալ Խանոդյանին և մտահոգություն ունի, որ նույնը նորից կկրկնվի:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ Արայիկ Խանդոյանին ծեծելու մասով քրեական գործ է հարուցվել և այժմ կատարվում է նախաքննություն:
«Քանի որ իմ պաշտպանյալները խոշտանգումների են ենթարկվել, դուք էլ նիստերի դահլիճում եք եղել, ուրեմն դուք չեք ղեկավարվում այն, այլ` Վլադիմիր Գասպարյանը, Բաղրամյան 26-ը, դուք որպես արդարադատություն վստահություն չեք ներշնչում»,- ասաց փաստաբան Ղարագյոզյանը:
Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը տեղից խոսելով ասաց, որ պահանջում է իր ընկերոջ ներկայությունը նիստերի դահլիճում:
«Քո արդարադատության հիմնարկում է էս ամենը եղել, փոխգնդապետ Ղազարյանն էլ որ գնա, նրան նույն ձևի փոխարինող է գալու: Ես պահանջում եմ իմ ընկերոջը, որովհետեւ խոշտանգվելուց հետո նրան չեմ տեսել»,- նշեց նա:
Դատական նիստն ընդմիջվեց մեկ ժամով: