Փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքն առ այն, որ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» փաստաբաններից Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության (Բեխտերևի հիվանդություն) առկայության մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ։ Ուշագրավ է, որ Արթուր Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվել է փաստաբանների խումբ, սակայն բողոքն ուղղված է միայն Տիգրան Եգորյանի դեմ։ Դիմող կողմը չի բացատրում սա։
Հուլիսի 11-ին Փաստաբանների պալատում կայացած նիստին Արուսյակ Հայրապետյանը պնդեց իրենց մեղադրանքը և պահանջեց հիմնավորել, թե ինչու Արթուր Սարգսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանը չի դիմել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով փոխել կալանքի ձևը՝ ըստ օրենքի պահանջի։
Դիմող կողմը պնդում է, որ իրենք, իմանալով Արթուր Սարգսյանի հիվանդության մասին, միջնորդությամբ դիմել են Հատուկ քննչական ծառայություն, որի արդյունքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և Արթուր Սարգսյանի կալանքի ձևը փոխվել է։ Թեհիմինե Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՔԾ ուղարկած իրենց միջնորդությունը և ՀՔԾ-ի պատասխանը։
ՀՔԾ-ին և դատարանին Արթուր Սարգսյանի հիվանդությունների մասին տեղեկացվել է
Դիմող կողմի տարածած տեղեկության վերաբերյալ Արթուր Սարգսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը և Դավիթ Գյուրջյանը մամուլով և ֆեյսբուքյան բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել են այս հանգամանքին՝ նշելով, որ հիմնադրամի կողմից տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և վնասում է իրենց բարի համբավը։ Հուլիսի 10-ին փաստաբանները հանդես են եկել ծավալուն մեկնաբանությամբ և նկարագրել, թե ինչ գործողություններ են իրականացրել Արթուր Սարգսյանի կալանքի ձևը փոխելու համար։ Տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է․
«ՀՔԾ-ին և դատարանին առաջին անգամ Արթուր Սարգսյանի հիվանդությունների, ներառյալ՝ Բեխտերևի հիվանդության մասին, տեղեկացվել է պաշտոնապես և կից ապացույցների ներկայացմամբ 2016թ. օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը: Այս ապացույցները ուսումնասիրվել են դատական նիստի ընթացքում, դրանից օրինակներ են վերցվել ՀՔԾ կողմից, իսկ դատարան ներկայացված օրինակները կարվել և առ այսօր պահված են կալանքի դատական գործում՝ վերը նշված համարների թերթերի ներքո»:
Այս մասին Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը նշել է, որ ո՛չ ՀՔԾ-ն, ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ դատարանները դրա վերաբերյալ որևէ գնահատական չեն տվել։ Այս փաստը, ըստ Եգորյանի, ինքնին կալանքի որոշման որակին առաջադրվող պահանջների խախտում էր:
Եգորյանը նշում է, որ մինչև 2016թ դեկտեմբերի 21-ը Արթուր Սարգսյանի առողջության վերաբերյալ պաշտպանների որևէ բողոք ոչ միայն չի գնահատվել, այլև նրանց բողոքներում առողջության հիմքով բոլոր պնդումները տառացիրոեն անտեսվել են ՀՔԾ-ի, դատախազության, արդարադատության նախարարության և դատարանների կողմից:
Փաստաբանները հրապարակել են և հուլիսի 11-ին արդեն կարգապահական վարույթ իրականացնող Փաստաբանների պալատին են փոխանցել նաև Արթուր Սարգսյանի նամակը, որով նա վերահաստատում էր իր վստահությունն իր փաստաբանների նկատմամբ և հորդորում իր գործով հետաքրքրված քաղաքացիներին զերծ մնալ անհարկի շահարկումներից։ Արթուր Սարգսյանի նամակը հրապարակվել է «Հետք» պարբերականում 2017թ․ հունվարի 12-ին։
Տիգրան Եգորյանը Փաստաբանների պալատի խորհրդին հարց հղեց, թե ինչ փաստեր է ներկայացրել դիմող կողմը՝ իր անբարեխղճությունն ապացուցելու համար, և եթե փաստեր չի ներկայացրել, ապա Պալատը ինչու է վարույթ ընդունել դիմումը և ինչու է իրենց պահանջում ներկայացնել փաստեր, որոնք փաստաբանական գաղտնիք են պարունակում․
«Եթե այսօր Փաստաբանների պալատ գոյություն ունի, և այդ ինստիտուտը դեռ պաշտպանվում է, և ինձ էլ երաշխավորում է այդ ինստիտուտի պաշտպանությունը, ես չեմ պատրաստվում որևէ փաստաբանական գաղտնիք հրապարակել, այնքան, որ իմ վրայից հանվի կարգապահական պատասխանատվության հարցը»։
Եգորյանը հավելեց, եր եթե իր նախկին վստահորդը՝ Արթուր Սարգսյանը, իր դիրքորոշումն է արտահայտել այդ հարցի վերաբերյալ, ապա ինքն «իր կաշին փրկելու համար այլ դիրքորոշում չի պատրաստվում արտահայտել»։
«Ես չեմ կարծում, որ Փաստաբանների պալատը և խորհուրդը պետք է վերածվեն մի մարմնի, որը համադրելի է թևերի տակ գործերը խփած դատախազին՝ զեկուցելու վազող քննիչներին»,- ասաց Եգորյանը՝ հավելելով, որ Փաստաբանների պալատը ոչ թե գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներ են, այլ էթիկայի վարքականոններ քննող մարմին։
«Փաստաբանի նկատմամբ հետապնդումները ոմանց հայեցողության սահմանից անդին են»
Արթուր Սարգսյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանների խմբի անդամ Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Պալատի՝ կարգապահական վարույթ հարուցելու որոշմանը, խորհրդի կազմին և այս գործընթացի մի շարք մանրամասների։ «Մենք ամիսներ շարունակ դիտարկել ենք այն հետևողական գործելոճը, որը, հակառակ մեր և Արթուր Սարգսյանի խնդրանքների և հորդորների, պետք է բերեր ու հանգեցներ մի կետի, որին հիմա հենց ծուղակ լարողները՝ իրենց իսկ ինքնապաշտպանական բնազդից դրդված, սկսել են զգուշանալ և վտանգի մեջ թողնել իրենց ընկերներին և մտերիմներին: Այլ խոսքով՝ վիճակը վաղուց Տիգրանին հանգիստ թողնելու կամ նրա նկատմամբ հետապնդումները դադարեցնելու ոմանց հայեցողության սահմանից անդին է»:
Հակառակ այս ամենի՝ բողոք ներկայացրած կողմը պնդում է, որ որևէ ծուղակ չի լարվել և որևէ այլ նպատակ, քան Արթուր Սարգսյանի իրավունքների թերի պաշտպանվածության հարցի քննարկումն է և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, չի հետապնդում։
Հատկանշական է, որ Տիգրան Եգորյանի՝ հուլիսի 10-ին հանրությանը համացանցով ներկայացրած բացատրությունից հետո Փաստաբանների պալատը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադառնում է Արթուր Սարգսյանի մոր և եղբոր՝ «Ազատություն և հայրենք» հիմնադրամին տված հարցազրույցին։ Փաստաբանների պալատի հայտարարությունում նշված է, որ «իրականությանը չի համապատասխանում փաստաբան Տիգրան Եգորյանի պնդումն այն մասին, որ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի ներկայացրած դատողությունները կամ եզրակացությունները չեն բխել Արթուր Սարգսյանի մոր և եղբոր հարցազրույցի տեսագրությունից»։
Հայտարարության մեջ ասվում է, որ նշված տեսագրությամբ Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամները հայտարարում են, որ նրա հիվանդության մասին փաստաբան Տիգրան Եգորյանը տեղեկացվել է (հիվանդության մասին փաստող փաստաթուղթը նրան է ներկայացվել) դեռ Արթուր Սարգսյանի ձերբակալությունից չորս օր անց, և այն չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։
Տեսանյութում սակայն Արթուր Սարգսյանի հարազատները չեն անվանում, թե հատկապես որ փաստաբանին են փոխանցել փաստաթղթերը։
Փաստաբանների պալատի նիստը հետաձգվեց, կողմերը միջնորդություններ ներկայացրին Բայանդուր Պողոսյանին՝ դիմումատուի կողմից, Վահե Գրիգորյանին և Անի Կաղինյանին՝ պատասխանողի կողմից, ներգրավվել որպես վկաներ։
Արփի Մախսուդյան