LIVE Blog «Սասնա ծռերի» դատավարությունը, հուլիսի 13

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատավարությունը։

16:38

Փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Արայիկ Պապիկյանի, Գրիշա Բալասանյանի, Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կիրառվեց սանկցիա` պատասխանատվության ենթարկելու համար դիմելով փաստաբանական պալատ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբանները ներկա չեն նիստին, առանց նրանց նիստը չի շարունկվում:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հուլիսի 20-ին, ժամը 11:00-ին:

15:04

Ամբաստանյալներ Տիգրան Մանուկյանի և Թաթուլ Թամրազյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ կիրառվեց սանկցիա` պատասխանատվության ենթարկելու համար դիմելով փաստաբանական պալատ:

Դատարանն ընթերցեց կարգադրիչի արձանագրությունն առ այն, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը թույլ չի տվել ստուգելու գրպանի միջի պարունակությունը, որը զննման ժամանակ ազդանշան է տվել:

Նիստերի դահլիճ չեն ներկայացել փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Արայիկ Պապիկյանը և Գրիշա Բալասանյանը: Նրանք դիմում են ներկայացրել, որ հրաժարվում են մասնակցել դատական նիստին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` վերջիններիս վարքագծի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու:

14:04

Թաթուլ Թամրազյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը արգելել է, առանց իր ներկայության գտնվել նիստերի դահլիճում և մասնակցել գործի քննությանը: Ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանը ևս հայտարարեց, որ առանց իր ներկայության փաստաբան Մոնիկա Մարգարյանը չպետք է գտնվի նիստերի դահլիճում:

Դատավորն արգելեց փաստաբանին լքել նիստերի դահլիճը, սակայն փաստաբանը ինքնակամ դուրս եկավ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` պաշտպանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու:

13:58

Ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառվեց երկրորդ սանկցիան` պատասխանատվության ենթարկելու համար դիմելով փաստաբանական պալատ:

Դատավոր Արտուշ Գաբրելյանը փորձում էր ճշտել ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի ինքնությունը, սակայն վերջինս նշեց, որ եթե նիստերի դահլիճում չլինեն իրենց բոլոր ընկերները, ապա ինքն էլ չի մասնակցի նիստին և չի պատասխանի որևէ հարցի:

Վերջինս չպատասխանեց դատավորի հարցերին, դատարանը նրա նկատմամբ կիրառեց նախազգուշական, ապա 6 ժամով նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիա:

12:38

Ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառվեց սանկցիա` պատասխանատվության ենթարկելու համար դիմելով փաստաբանական պալատ:

«Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանին դատարան տեղափոխելու ընթացքում` խուց տեղափոխելիս ստացել է գլխի վնասվածք: Ես խնդրում եմ այդ հարցի պարզաբանման համար նիստերի դահլիճ հրավիրել Սերգեյ Կյուրեղյանին»,- ասաց դատավոր Արտուշ Գաբրելյանը:

Կազմվել է արձանագրություն, առ այն, որ մեքենայից իջեցնելուց և խուց ուղեկցելու ժամանակ Կյուրեղյանը գլուխը պատահաբար խփել է մուտքի ծածկի տակ ամրացված երկաթյա ամրակին և ճակատային մասում ստացել է վնասվածք:

Կյուրեղյանին նիստերի դահլիճ բերեցին և նա փաստեց, որ դեպքը պատահաբար է տեղի ունեցել:

Փաստաբան Լուսինե Սահակյանը կրկին ուզում էր միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորը թույլ չտվեց: Սահակյանը շարունակեց, ասելով, որ չի վախենում սանկցիաներից և պետք է միջնորդություն ներկայացնի, դատարանը հայտարարեց, որ գնում է խորհրդակցական սենյակ` փաստաբանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու:

12:25

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանին թույլ տվեցին մտնել նիստերի դահլիճ` պայուսակը բացելուց և համոզվելուց հետո, որ մեջը մետաղական իր չկա:

12:06

Այսօր «Սասնա ծռերի»-ից Արամ Մանուկյանի ծննդյան օրն է: Նիստերի դահլիճ մտնելու ժամանակ խմբի համակիրները վանկարկում էին «շնորհավոր»:

11:38

Փաստաբանները չեն կարողանում ներկայանալ դատական նիստին, քանի որ նախօրոք պայմանավորվածություններ ունեն այլ դատարանների հետ: Դատարանը նրանց բացակայությունը համարեց անհարգելի: Փաստաբան Լուսինե Սահակյանը ցանկացավ միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորը թույլ չտվեց:

Փաստաբան Սահակյանը պնդեց, որ իր իրավունքն է միջնորդություն ներկայացնելը, ինչից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը սկզբից կիրառեց նախազգուշական սանկցիա, իսկ հետո հեռացավ խորհրդակցական սենյակ` փաստաբանի վարքագծի հետ կապված համապատասխան որոշում կայացնելու: Նիստն ընդմիջվեց:

11:04

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստը հետաձգեց 15 րոպեով, որպեսզի բոլոր ամբաստանյալները ներկա գտնվեն դատական նիստին:

Մեկնաբանել