Սերժ Սարգսյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին, այցելել Ֆրանսիայի դեսպանություն

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն և շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման և խորացման համար:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։

Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությունը:

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն»,- ասված է Ֆրանսիայի նախագահին ուղղված ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանել