«Ոսկե ծիրան»-ի չցուցադրված ԼԳԲՏ ֆիլմերի շուրջ

«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնից օրեր առաջ հանվեց արտամրցութային «Հայեր. հայացք ներսից և դրսից» խորագրով ծրագիրը։ Ծրագրում ներկայացված էր 37 ֆիլմ, որոնցից երկուսն արծարծում էին ԼԳԲՏ թեմաներ։ ԼԳԲՏ համայնքը նշում է, որ ողջ ծրագիրը դուրս է եկել հենց այս երկու ֆիլմերի պատճառով, որը խտրական վերաբերմունքի արտահայտություն է:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը պաշտոնապես ասել էր, որ հասարակության կողմից բավականին մեծ աղմուկ կա ծրագրի շուրջ, իսկ Կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարներն ասել են, որ իրենք սգի մեջ են և չեն կարող ծրագիրը ցուցադրել: Հունիսի 23-ին մահացել էր կինեմատոգրաֆիստների միության տնօրեն Ռուբեն Գևորգյանցը:

«Ինֆորմացիոն ծրագիրը ցուցադրում են Կինոյի տանը: Մենք պայմանավորվել էինք Ռուբեն Գևորգյանցի հետ, ով վերջերս մահացավ: Ծրագիրը պետք է ցուցադրվեր և հանկարծ պարզվեց, որ բավականին մեծ աղմուկ կա ծրագրի շուրջ հասարակության կողմից»,- ասել է Խաչատրյանը:

Նորարար փորձառական արվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Գագիկ Ղազարէն ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ իրենք պատրաստ են եղել հյուրընկալելու և այդ 37 ֆիլմերից բաղկացած ծրագիրն իրենց մոտ ցուցադրելու․

«Մենք առաջարկ արել ենք, որ ծրագիրը հյուրընկալենք ՆՓԱԿ-ում, բայց գուցե մենք մի քանի ժամ ուշացել ենք»։

«Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի ռեժիսոր, ԼԳԲՏ թեմատիկայով «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի սցենարիստ Հովհաննես Իշխանյանն ասում է, որ տեղի է ունեցել գրաքննություն:

«Կոնկրետ մեզ զանգել ասել են, որ խնդիր կա այդ ֆիլմի հետ։ Այսինքն՝ ասել են կա՛մ այդ ֆիլմերը պետք է դուրս գան, կա՛մ ամբողջ ծրագիրը դուրս գա։ Հիմա գրավոր կամ ձայնագրության փաստեր չունենք, բայց մեզ համար շատ հասկանալի է, որ հենց այդ երկու ֆիլմերն են պատճառը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Իշխանյանը։

Եվ չնայած ֆիլմերը ստուգվել էին Հենրիկ Մալյանի անվան թատրոնի կողմից, լուծվել էին տեխնիկական հարցերը, և նշանակվել էր ցուցադրման օրը, դա չի խանգարել, որ մի ամբողջ արտամրցութային ծրագիր հանվի փառատոնից, ասում է Իշխանյանը:

Ըստ լուրերի` անհայտ մարդիկ զանգահարել են Կինեմատոգրաֆիստների միություն, որն էլ իր հերթին դիմել է «Ոսկե ծիրան»-ին։

«Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի հեղինակները որոշել են ցուցադրել ֆիլմը հուլիսի 13-ին և 14-ին` Մեդիա կենտրոնում և ՆՓԱԿ-ում։

Ֆիլմի սցենարիստ Հովհաննես Իշխանյանը գրել է, որ ծրագրից դուրս մնացած ֆիլմերի հեղինակները ևս կարող են ցուցադրել իրենց ֆիլմերը:

ՍիվիլՆեթին չի հաջողվում կապ հաստատել Կինեմատոգրաֆիստների միության հետ, վերջիններս որևէ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չեն եկել մինչ այժմ:

Ֆիլմերը ցուցադրությունից հանելու քայլը քննադատել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որը տասը տարի նախագահել է «Ոսկե ծիրան» փառատոնը:

Change.org կայքում «Ո՛չ գրաքննությանը Հայաստանում» վերնագրով ստորագրահավաք է ընթանում, որին մասնակցել է 400-ից ավելի մարդ: Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում Մշակույթի նախարարությանը, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի անձնակազմին, հովանավորներին և գործընկերներին անել հնարավոր ամեն ինչ «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը վերականգնելու համար։

Ալինա Նիկողոսյան

Մեկնաբանել