Ադրբեջանական (կարափափախ) գերեզմանները Ամասիայում այսօր

Շաբաթ օրը Արփի լճի ջրամբարի շրջանում էի, որտեղ ՍիվիլՆեթի համար նկարում էինք «Կարսից մի կտոր» խորագրով ռեպորտաժը։

Հայաստանի ծայր հյուսիս-արևմուտքի այս անկյունը, որ սահմանակից է Թուրքիային և Վրաստանին, 1920 թվականի աշնանը գրավվեց քեմալականների կողմից։ Գրավվեց նաև Ալեքսանդրապոլը՝ Գյումրին, որտեղ և դեկտեմբերի 3-ի վաղ առավոտյան ստորագրվեց պայմանագիր։

Քեմալականները Արփիի շրջանը, որ անվանվում էր Աղբաբա և մաս էր կազմում Կարսի նահանգի Կարսի շրջանի, թողեցին Հայաստանի կազմում։

Հայկական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը այդ բանակցությունների մասին գրում է․ «Երեկոյան ժամը 8-ին կայացավ խաղաղության խորհրդաժողովի չորրորդ և վերջին նիստը: Նիստը բացվելուց հետո մենք հայտարարեցինք, որ ընդունում ենք դաշնագիրը: Դրանից հետո սկսվեց դաշնագրի ընթերցումը հոդված առ հոդված: Քննության ընթացքում մեզ հաջողվեց մասնակի մանր փոփոխություններ մտցնել հօգուտ մեզ, ինչպես օրինակ Աղբաբայի մի մասը Կարսի նահանգից Հայաստանի սահմանների մեջ մտցնելը, զորքի քանակը 1200-ից մինչև 1500 բարձրացնելը: Երկար վիճաբանություններ եղան Անիի, Նախիջևանի, Սուրմալուի մասին, բայց թուրքերը այդ խնդիրներում ոչ մի զիջում չարեցին»:

Թուրքերը գրում են, որ այս շրջանը՝ շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք, զիջեցին հայերին հանուն «հայ-թուրքական բարեկամության»։ Պատմաբանները նշում են, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները արդեն պայմանավորվել էին, որ Երևանի նահանգի Սուրմալուի շրջանը՝ Արաքսի աջափնյա հատվածը, կանցնի թուրքերին, որի դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից՝ հօգուտ ապագա Խորհրդային Վրաստանի: Բայց քանի որ Սուրմալուն տարածքով ավելի մեծ էր Բաթումի շրջանից, այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Արփի լճի շրջակայքը:

Այս բացատրությունները, այսօր, շուրջ մեկ դար անց, այնքան էլ կարևոր չեն։ Կարևորն այն է, որ Կարսի մարզից գոնե այս կտորը մնաց Հայաստանի կազմում։

Նկարահանումների ընթացքում մենք եղանք մի շարք գյուղերում, որոնք մինչև 1988-ը բնակեցված էին ադրբեջանցիներով, որոնք ադրբեջանցի են դարձել Խորհրդային Միության շրջանում, իսկ մինչ այդ եղել են թյուրքալեզու սուննի կարափափախներ։

Այսօր Ամասիայի շրջանի գյուղերում բավականին լավ վիճակում են պահպանվել ադրբեջանական գերեզմանները։ Ընդ որում, նոր գերեզմանաքարերի կողքին պահպանվել են նաև հները, որոնց վրայի գրությունները արաբատառ օսմաներենով են։

Խորհրդային վաղ շրջանի ամենանշանավոր հայ վիճակագիր Զավեն Կորկոտյանը իր «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային աշխատության մեջ (հրատարակվել է մեկ ամգամ 1933-ին՝ 600 օրինակ տպաքանակով) մեկ առ մեկ նշում է Աղբաբայի, այսօրվա Ամասիայի շրջանի կարափափախ գյուղերը՝ շուրջ երկու տասնյակ։ 1939 թվականի Խորհրդային Միության մարդահամարի տվյալներով, այդ գյուղերը անվանվեցին ադրբեջանական։

Նկարահանումների ընթացքում մենք եղանք ադրբեջանական դարձած նախկին կարափափախ Աղվորիկ (նախկինում՝ Ղարանամազ, ապա՝ Յենի Յոլ), Արդենիս (Գյոլլի), Բերդաշեն (Թափաքյանդ, Թափաքյոյ), Պաղակն (Սուլթանաբադ, Շուրաբադ), Զորակերտ (Բալըխլի), Ծաղկուտ (Գյուլլիջա), Գառնառիճ (Կուզիքենդ) գյուղերում և այդ գյուղերի հին գերեզմանոցներում։

Բոլոր գերեզմանները պահպանվում են, իսկ մի շարք տեղերում ցանկապատված են։

Ի՞նչ վիճակում են հայերի գերեզմանները Ադրբեջանում։

Մենք հիշում ենք, որ 2005-ին ադրբեջանցիները վերջնականապես ավերեցին Ջուղայի հայկական խաչքար-գերեզմանաքարերը։

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել