Նշանյանը խոստացել է վերադառնալ Թուրքիայում ռեժիմի հեռանալուց հետո

Պոսլահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որն անցյալ շաբաթ փախել էր բանտից, մեկնաբանություն է տվել Armenian Weekly-ին։

«Տխրում եմ, որ որոշ ժամանակ հեռու եմ լինելու իմ գյուղից և տնից, սակայն չեմ կարծում՝ քաղաքական այս անողջամտությունը Թուրքիայում երկար շարունակվի։ Այս ռեժիմը կգնա, և մենք կվերադառնանք»,- ասել է Նշանյանը։

Հուլիսի 14-ին հայտնի էր դարձել, որ Նշանյանը, որի կալանքի պայմանները թույլ էին տալիս առավոտյան բացակայել բանտից, դուրս գալու թույլտվություն էր ստացել և այլևս չէր վերադարձել։ Սևանին հաջողվել էր հատել Թուրքիայի սահմանը։

Սևան Նշանյանը գրառում էր արել Թվիթերում․ «Թռչունը թռավ, տարոսը մնացած 80 միլիոնին»։

Փախուստից հետո Նշանյանը նկար է հրապարակել Ֆեյսբուքում։

Սևան Նշանյանը ապօրինի շինարարության մեղադրանքով դատաարտվել էր 9,5 տարվա ազատազրկման և բանտում էր 3 տարի։ Բանտ գնալուց առաջ Նշանյանը հարցազրույց էր տվել ՍիվիլՆեթի Սալբի Ղազարյանին։

Սևանի ազատազրկումից հետո նրա մտերիմները ներկայացրել են Շիրինջեում նրա հեղինակած ճարտարապետական աշխատանքները՝ փորձելով ցույց տալ՝ մտավորական Սևան Նշանյանը հանցագործ չէ, այլ, ինչպես ինքն է գրել մի նամակում, «աշխատել է միայն պետության և ժողովրդի կողմից աղբը նետված մի գյուղում կյանքի տեսլական ստեղծել», «փորձել է կոպտորեն ավերված ճարտարապետական ավանդույթը վերակենդանացնելով՝ հարմարեցնել նոր դարաշրջանի պայմաններին», և այդ ամենն «արել է գեղեցկության համար»:

Նշանյանի փախուստի, բանտարակության պատճառի ու հետաքրքիր կերպարի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է պոլսահայ մտավորական Սեւան Տէյիրմենճեանի հետ։

Գլխավոր լուսանկարը՝ Սևան Նշանյանի Ֆեյսբուքի էջից

Մեկնաբանել