Պաշտոնանկություններ Վրաստանում՝ Մուխթարլիի գործով պայմանավորված

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին այսօր հրավիրված ճեպազրույցին տեղեկացրել է, որ Թբիլիսիից ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման հանգամանքների քննության ընթացքում զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՆԳՆ Սահմանային ոստիկանության պետն ու Պետական անվտանգության ծառայության հակահետախուզական ծառայության ղեկավարը։ Մղեբրիշվիլին նշել է, որ դա արվել է «գործի հետ կապված բոլոր հարցերը հանելու նպատակով»։

«Շատ կարևոր է, որ հասարակությունը չունենա ոչ մի հարց՝ կապված գործի քննության, սահմանների վերահսկողության և հակահետախուզության գործունեության հետ։ Այդ պատճառով որոշում է ընդունվել, որ պետսահմանի վերահսկողության և հակահետախուզության համար անմիջականորեն պատասխանատու ծառայությունների ղեկավարները քննության ընթացքում հեռացվեն զբաղեցրած պաշտոններից։ Մենք՝ գերատեսչության ղեկավարներս, համոզված ենք, որ մեր աշխատակիցներն անմեղ են, սակայն քննությունն իրավունք չունի բացառելու որևէ վարկած, և քանի որ ամեն դեպքում չպարզված հանգամանքներում սահմանախախտում էր տեղի ունեցել, նման որոշում է ընդունվել։ Այդ աշխատակիցների ժամանակավոր հեռացումը շատ կարևոր քայլ է, որպեսզի ապագայում չլինեն այդ գործի անհիմն մեկնաբանություններ»,- հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարը։

***

Ադրբեջանցի հետաքննող լրագրող, ադրբեջանական իշխանությունների քննադատ Աֆղան Մուխթարլին, որը 2015-ից ի վեր հարկադրված ապրում էր Թբիլիսիում, անհետացել էր մայիսի 29-ի երեկոյան։ Հաջորդ օրը լրագրողի փաստաբան Նեմաթ Քերիմլին տեղեկացրել է, որ Մուխթարլին ձերբակալվել է և փոխանցվել Բաքու։ Քերիմլին պատմել է, որ Թբիլիսիում լրագրողին բռնի կերպով նստեցրել են ավտոմեքենա, կապել աչքերը, ծեծել։ Մի քանի մեքենա փոխելուց հետո նա հայտնվել է վրաց-ադրբեջանական սահմանին։ Մուխթարլիի գրպանը գցել են 10 հազ․ եվրո, որը հայտնաբերելուց հետո առաջադրել մեղադրանք «մաքսանենգության» և «սահմանի ապօրինի հատման» հոդվածներով։ Ավելի ուշ ավելացել է ևս մեկ մեղադրանք՝ սահմանապահին դիմադրություն ցույց տալու հոդվածով: Լրագրողի փաստաբանը տեղի ունեցածում մեղադրում է վրաստանյան իշխանություններին, որոնք, նրա պնդմամբ, խախտել են միջազգային իրավունքը։

Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտել է Աֆղան Մուխթարլիի առևանգումը և Բաքվում կամայական ձերբակալությունը՝ դա համարելով մարդու իրավունքների լուրջ խախտում։

Մեկնաբանել