Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Ավելի վաղ նա զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից։
Ուկրաինայի պետական միգրացիոն գործակալությունը հայտարարել է, որ Սաակաշվիլին զրկվել է քաղաքացիությունից, քանի որ նա անձնագիր ստանալիս սխալ տեղեկություններ է հաղորդած եղել։
2015թ․ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու հայտադիմումում նշված է եղել, որ Ուկրաինայում կամ այլուր նա չի հետախուզվում։ Մինչդեռ Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլին «հեռակա ձերբակալել» էին։
Ինքը Սաակաշվիլին անցյալ տարվա վերջին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մտադիր է իրեն զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից։
2015թ․ դեկտեմբերին Սաակաշվիլին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ ստացել էր Ուկրաինայի անձնագիր։ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը Նիդեռլանդների քաղաքացի է։ Հայտնի չէ, թե արդյոք Սաակաշվիլին որևէ այլ քաղաքացիություն ունի, թե ոչ։
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2004-2007 և 2008-2013 թվականներին։