Կանադայի հայերը վարչապետ Տրուդոյից պահանջում են բեկանել Ադրբեջանի հետ գործարքը

Կանադահայերը բողոքի նամակ են հղել երկրի վարչապետ Ջասթին Տրուդոյին՝ պահանջելով դադարեցնել կանադական ընկերության կողմից զրահամեքենաների մատակարարումը Ադրբեջանին։

Հուլիսի 26-ին Կանադայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) քաղաքական հարցերի հանձնաժողովը նամակ է հղել վարչապետ Ջաստին Տրուդոյին` բողոք արտահայտելով կանադական INKAS ընկերության կողմից Ադրբեջանին զրահամեքենաների մատակարարման գործարքի դեմ։

Տորոնտոյում գտնվող զրահապատ մեքենաներ արտադրող INKAS ընկերությունը գործարք է կնքել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ, որի համաձայն ընկերությունը արդեն մատակարարել է կանադական արտադրության զրահապատ մեքենաներ (APC):

Պայմանագիրը կնքվել է 2016թ․ սեպտեմբերին՝ Բաքվում տեղի ունեցած ռազմական ցուցահանդեսի ժամանակ։

INKAS-ի մարքեթինգի և բիզնեսի զարգացման փոխնախագահ Ռոման Շիմոնովն ասել էր, որ իրենք չեն կարող որևէ բան վաճառել` առանց պաշտոնական թույլտվության, և որ Կանադայի իշխանությունները ստուգել և հաստատել են գործարքը։

Վարչապետ Տրուդոյին ՀԲԸՄ-ի հղած նամակում ասված է.

«Կանադայի հայերն ու իրավապաշտպանները ամբողջ երկրում վրդովված են Ադրբեջանին կանադական արտադրության զրահամեքենաներ վաճառելու դաշնային կառավարության համաձայնության համար: Ադրբեջանի Հանրապետությունը հայտնի է մարդու իրավունքների ոտնահարումներով և բռնություններով, ինչպես նաև լրագրողների հաճախակի ձերբակալմամբ և խոշտանգումներով։

Բացի դրանից, Ադրբեջանը շարունակաբար սպառնում է Լեռնային Ղարաբաղի սահմանին փխրուն խաղաղությանը, իսկ նրա բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` բռնակալ նախագահ Իլհամ Ալիեւը, պարբերաբար հայերին ոչնչացնելու կոչեր են հնչեցնում։ Մենք կոչ ենք անում ձեզ անմիջապես քայլեր ձեռնարկել և բեկանել այս որոշումը: Կանադայի ձայնը աշխարհում պետք է լինի խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության, այլ ոչ թե բռնության և ճնշման համար»։

Նամակը ստորագրել է Կանադայի ՀԲԸՄ կառույցի նախագահ Շահե Թանաշյանը։

Մեկնաբանել