Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է ստեղծել միասնական արժույթ։ Ըստ ԵԶԲի՝ դա կնպաստի փոխադարձ հաշվարկների համակարգին: Ըստ Vestifinance.ru կայքի՝ Ռուսաստանը առաջարկել է, որ ռուբլին դառնա դրամական այդ միավորը:
«Կան երկարաժամկետ օգտագործման համար նախատեսված մի քանի գործիքներ, որոնք մենք առաջարկում ենք դրամավարկային կարգավորող մարմինների քննարկմանը»,- ասել է Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:
Նա նշել է, որ առեւտրային հոսքերի սպասարկման համար անհրաժեշտ է տարածաշրջանային դրամական միավոր, և այն կարող է դառնալ վճարման եղանակը այսպես կոչված «Մետաքսե ճանապարհի» զարգացման համար, որի նպատակն է վերականգնել և կյանքի կոչել Ասիայից դեպի Եվրոպա ձգվող հին առևտրային ուղին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության տնօրեն Տիգրան Դավթյանը նշել է, որ ապագայում միասնական եվրասիական հաշվարկի միավորի ներդրումը կնպաստի անդամ երկրների քաղաքացիների՝ առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացմանը և դրամական ռիսկերի ավելի արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև փոխադարձ վճարումներում գործարքային ծախսերի նվազեցմանը:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կենտրոնական բանկերը պատրաստ են քննարկել առաջարկը: