Մարզպետարանների աշխատանքը կգնահատվի 11 հայտանիշերով

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն առաջիկայում ներկայացնելու է 11 հայտանիշ, որոնց միջոցով տվյալ մարզում արձանագրված ցուցանիշների հիման վրա գնահատվելու է մարզպետարանի աշխատանքը, մարզում առկա ընդհանուր իրավիճակը և այն համեմատվելու է այլ մարզերի ցուցանիշների հետ: Այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը Սիսիանում՝ Սյունիքի մարզի խնդիրներին նվիրված խորհրդակցությանը։

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետն ընդգծել է, որ ներկա դրությամբ մարզերի և նույն հնարավորություններն ունեցող համայնքների միջև առկա են ֆինանսական և այլ անհամաչափություններ: Կառավարության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտների թվայնացումն ու գույքագրումը և ավելացրել, որ թվերը լինելու են հետագա գործունեության ուղեցույց: «Շատ հավանական է, որ տվյալ համայնքապետը նույնիսկ չգիտի, որ հանրապետությունում, օրինակ, աղբահանության միջին վճարը 200 դրամ է, ինչը մեկ շնչի նկատմամբ մեծ թիվ չի կազմում, սակայն դրա դիմաց մատուցվում է սկզբունքորեն որակյալ այլ ծառայություն: Վստահ եմ, որ ունենք ավելորդ ծախսերի մեծ ծավալ կամ ավելի որակյալ ծառայությունների մատուցման մեծ ներուժ: Դուք ունեք բավականին լուրջ ռեսուրսներ, որոնք կարող եք շատ ավելի նպատակային կառավարել: Օպտիմալացմամբ որևէ մեկը միջոցներ կրճատելու խնդիր չի դնում, բայց տեսնում ենք նաև, որ առօրյայում կառավարման մեջ ունենք բազմաթիվ ոչ հետևողական և ոչ համակարգված աշխատանք»,- դիմելով համայնքապետերին՝ ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է. «Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ իր թիվ մեկ խնդիրը ներդրում ներգրավելն է, աշխատատեղ ստեղծելը, քանի որ սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխության առաջնային ցուցանիշը հենց դա է: Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է փորձել կապեր ստեղծել այն մարդկանց հետ, որոնք դուրս են եկել սյունյաց աշխարհից և հաջողությունների հասել. նկատի ունեմ ոչ միայն գործարարներին, այլ նաև բժիշկներին, գիտնականներին, տնտեսագետներին, ներդրողներին, լրագրողներին»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է հստակ պատկերացնել ներքին կապիտալը, առկա ներուժը, այն ակտիվացնելու ուղղությամբ հետևողական քայլեր կատարել և ներդրումային հնարավորությունները պատշաճ ներկայացնել ներդրողներին: Վարչապետն ընդգծել է, որ Սյունիքում առկա է զարգացման մեծ ներուժ, կառավարությունը հետևողականորեն առաջ է մղում Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը: «Ձևավորելու ենք հետաքրքիր միջավայր, որի շրջանակում մարզի համայնքների համար կստեղծվեն Իրանի հետ համագործակցության մեծ հնարավորություններ», – ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Մեկնաբանել