Պառլամենտարիզմի ծնունդը Հայաստանում. օգոստոս 1, 1918

Օգոստոսի 1-ը Հայաստանում պառլամենտարիզմի հիմնադրման օր կարելի է համարել:

1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում բացվեց Հայաստանի Խորհրդի՝ խորհրդրանի անդրանիկ նիստը, որին ներկա էր կառավարությունը ողջ կազմով՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Նիստին ներկա էին նաև Հայաստանի դաշնակից Քառյակ Միության երկրներից՝ Օսմանյան կայսրության, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչները, Պարսկաստանի հյուպատոսը, ռուս և մահմեդական ազգային խորհուրդների ներկայացուցիչները: Հայ բարձրաստիճան զինվորականներից ներկա էին Թովմաս Նազարբեկյանն ու Մովսես Սիլիկյանը:

Հայաստանի անդրանիկ օրենսդիր մարմնի առաջին նիստի բացման պատիվը տրվեց դաշնակցական Ավետիք Սահակյանին: Խորին լռության մեջ բեմ ելավ Սահակյանը և արտասանեց բացման ճառը, որը տեղում թարգմանվեց ռուսերեն և թուրքերեն:

Խորհրդի անդամների՝ պատգամավորների անունները ընթերցվելուց հետո, հենց նա էլ ընտրվեց առաջին խորհրդարանի նախագահ: Միայն սոցիալ-դեմոկրատները ձեռնպահ քվեարկեցին, մյուսները կողմ էին Սահակյանի թեկնածությանը: Խորհրդի փոխնախագահներ ընտրվեցին Հայ ժողովրդական կուսակցությունից Գր. Տեր-Խաչատրյանը և սոցիալիստ-հեղափոխականներից Դ. Զուբյանը, քարտուղար՝ անկուսակցական Պ. Զաքարյանը, երկրորդ քարտուղար՝ Ե. Սարգսյանը՝ ՀՅԴ-ից:

Սահակյանը հայտարարեց, որ օգոստոսի 1-ը կդառնա պատմական և լուսավոր դարաշրջան կբացի Հայաստանի համար: «Անդրկովկասի ամբողջությունը փլվելուց հետո մեր երկիրը թողնված էր իր բախտին, ուստի Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը շտապեց իր վրա վերցնել կառավարության բոլոր ֆունկցիաները»,- ասաց նա:

«Հենց այդ ժամանակ էր, որ ստացվեց Օսմանյան կառավարության վերջնագիրը: Անմիջապես պատվիրակություն ուղարկվեց Բաթում՝ տալով նրան արտակարգ լիազորություններ բանակցություններ վարելու թուրք պատվիրակության հետ: Մեր պատվիրակությունը հաջողեցրեց որոշ ուղղումներ մտցնել սահմանների մեջ, բայց և այնպես ստիպված էր ընդունել վերջնագիրը և խաղաղության դաշինք կնքել Վեհիբ փաշայի և Խալիլ բեյի հետ: Այստեղ առաջին անգամ Հայոց ազգային խորհրդի պատգամավորները պաշտոնապես ճանաչվեցին իբրև ներկայացուցիչներ անկախ Հայաստանի և ստորագրեցին հունիսի 4-ի դաշինքը»,- հայտարարեց Սահակյանը:

«Հայոց ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց վերջնականապես ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախությունը՝ իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին: Այո՛, մեր հանրապետությունը փոքր է ու նեղ սահմաններով, նա զրկվել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մեջ տեղավորել ամբողջ ազգաբնակչությունը և, կարծես թե, պայմաններ չունի անկախ գոյության համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ. ես հավատում եմ, որ երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով»,- ընդգծեց նա:

Սահակյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը սրբությամբ և անշեղ կերպով կկատարի այն պարտականությունները, որոնք բխում են Օսմանյան կայսրության հետ հունիսի 4-ին Բաթումում կնքած խաղաղության դաշինքից:

Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ Խորհուրդը, հիմնադրվեց ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում: Խորհուրդը ձևավորվեց Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 թուրքերի (այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցիներ) ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայ:

Խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը. Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ժողովրդական կուսակցություն (ռամկավարներ), Սոցիալ դեմոկրատներ և Սոցիալիստ հեղափոխականներ:

Խորհրդի նիստից հետո զորավար Թովմաս Նազարբեգյանի գլխավորությամբ տեղի ունեցավ զորահանդես: Ականատեսներից Սիմոն Վրացյանը գրում է. «Զորահանդեսին ներկա էին օտար ներկայացուցիչներ, Խորհրդի և կառավարության անդամները և խուռն բազմությունը: Զորքերը՝ երաժշտությամբ և կանոնավոր շարքերով, անցան հանդիսատեսների առջևից և բարձրացան Աստաֆյան պողոտայով՝ հասարակության աննկարագրելի ցնծության և ծափերի միջով: Տեսարանը հուզիչ էր: Հայաստանի խորհրդարան, հայոց կառավարություն, հայկական բանակ… Երազ չէ՞ր արդյոք»:

1918-ի օգոստոսի 3-ին տեղի ունեցավ խորհրդարանի երկրորդ նիստը, որտեղ ելույթ ունեցավ վարչապետ Հովհաննես Քաջազնունին՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:

«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը: Նա կոչված է իրականացնելու գործադիր իշխանություն մի պետության մեջ, որ դեռ նոր է ծնունդ առել և տակավին դուրս չի եկել իր կազմակերպման առաջին շրջանից: Կառավարությունը չունի ո՛չ մի հենարան անցյալում. նա չի՛ հաջորդում նախկին կառավարությունը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը. նա նույնիսկ չի ժառանգում կենտրոնական իշխանության կարիքներին հարմարեցրած պատրաստի ապարատներ: Նա հարկադրված է սկսելու ամեն բան սկզբից. անձև քաոսի և ավերակների կույտից նա պետք է ստեղծի կենսունակ և աշխատունակ մի մարմին», հայտարարեց Քաջազնունին:

Ինչպես խորհրդարանի նախագահ Սահակյանը, այնպես էլ Քաջազանունին, կարևորում էր Բաթումի պայմանագիրը:

«Ամրացնել Օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարի դրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ Օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ», հայտարարեց Քաջազնունին:

Թաթուլ Հակոբյան