Էրդողանն ընդդեմ Գերմանիայի․ ի՞նչ ռիսկի է դիմում Թուրքիան Գերմանիայի հետ առճակատվելով

Թուրք հայտնի լրագրող Զուլֆիքար Դողանը (ZÜLFIKAR DOĞAN) Մերձավոր Արևելքի խնդիրներով մասնագիտացած Al Monitor կայքում հոդված է հրապարակել թուրք-գերմանական լարված հարաբերությունների մասին։ «Լարվածությունը Գերմանիայի հետ բացահայտում է հակասությունները ԱԶԿ-ի շարքերում» վերնագրված հոդվածում Դողանն ընդգծում է, որ Էրդողանի հակագերմանական հայտարարությունները փորձում է մեղմել՝ հասկանալով, որ Թուրքիան շատ թանկ գին կարող է վճարել Գերմանիայի հետ հարաբերությունները վատթարացնելուց։

Գերմանիայի և Թուրքիայի միջև ճգնաժամը այս ամիս հասավ նոր բարձրակետի այն բանից հետո, երբ իրավապաշտպանների հանդիպմանը ոստիկանական գրոհի ժամանակ ձերբակալվեց մարդու իրավունքների գերմանացի իրավապաշտպան Պիտեր Շտոյդները (Peter Steudtner), որին Թուրքիայի կառավարությունը մեղադրում է դիվերսիոն գործողություններ ծրագրելու մեջ: Ձերբակալություններից հետո Գերմանիան առաջին անգամ բարձրացրեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հեռանկարը:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հուլիսի 20-ին հայտարարեց, որ Բեռլինը այլևս չի կարող երաշխավորել գերմանական ընկերությունների ներդրումները Թուրքիայում՝ «իրավական կայունության» բացակայության պատճառով: Նա նաև զգուշացրեց, որ գերմանացի քաղաքացիները «այլևս ապահով չեն կամայական ձերբակալություններից» Թուրքիայում: «Մենք չենք կարող շարունակել, ինչպես նախկինում»,- ասել է Գաբրիելը: «Մենք պետք է ավելի հստակ լինենք, քան նախկինում, որպեսզի Անկարայում պատասխանատուները հասկանան, որ նման քաղաքականությունը չի կարող անհետևանք լինել»: Գաբրիելի հայտարարությունը Թուրքիայում լայնորեն ընկալվեց որպես պատժամիջոցների սպառնալիք և գերմանացի գործարարների ու զբոսաշրջիկներին ուղղված շղարշված կոչ՝ դադարեցնել ներդրումները և երկրում հանգստանալը:

Երկկողմ լարվածության պայմաններում Անկարայից եղան երկկողմ մոտեցումներ. նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի սուր դիրքորոշում որդերգրեց Գերմանիայի նկատմամբ, իսկ նրան մոտ կանգնած գործիչները հայտարարություններ արեցին, որոնք սպառնում էին ավելի սրել իրավիճակը։ Միևնույն ժամանակ, վարչապետ Բինալի Յըլդըրըմը և կառավարության որոշ անդամներ ձգտում են թոթափել իրավիճակի լարվածությունը՝ գործածելով չափավոր լեզու և շեշտելով, որ լարվածությունը երկու կողմերին էլ կվնասի:

Հուլիսի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով՝ Էրդողանը Գերմանիային կոչ արեց «իրեն կարգի հրավիրել»: Անդրադառնալով տնտեսական պատժամիջոցների հեռանկարին՝ նա ասաց. «Նրանք փորձում են սպառնալ Թուրքիային՝ ապավինելով պատահականորեն ձեռք բերած իրենց հարստությանը։ Աշխարհում գոյություն ունի ազատ շուկա կոչվածը։ Նրանք նույնիսկ դրանից տեղյակ չեն»:

Էրդողանը հերքեց, որ Թուրքիան հետաքննում է գերմանական ընկերություններին՝ «ահաբեկչության սատարման կասկածանքով», ինչպես ավելի վաղ հաղորդել էին գերմանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերմանացի պաշտոնյաներին: Ընկերությունները կասկածվում են ԱՄՆ-ում գործող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների հետ կապի մեջ, որին Անկարան մեղադրում է անցյալ տարվա հեղաշրջման փորձի մեջ:

Էրդողանը Գերմանիայի պաշտոնյաներին մեղադրեց գերմանացի ներդրողներին վախեցնելու նպատակով արված «հիմար» հայտարարություններ անելու մեջ:

Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) հուլիսի 25-ի խորհրդարանական նիստում Էրդողանը հայտարարեց, որ Շտոյդները լրտես է: «Դուք զրկում եք Թուրքիայի նախագահին և նախարարներին Գերմանիայում խոսելու հնարավորությունից, բայց հետո ձեր լրտեսները գալիս են այստեղ, թափառում հյուրանոցներով…Դա չի կարող լինել»,- հայտարարեց Էրդողանը:

Այնուամենայնիվ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը գիտակցում է, որ լարվածությունը, հավանաբար, շարժվում է դեպի երկկողմ կապերի անդառնալի բեկումնային կետ, ինչը կարող է թանկ նստել Անկարայի վրա։ Էրդողանի կոպիտ հայտարարությունից հետո Յըլդըրըմը ձգտում էր հանդարտեցնել կրքերը։ «Իմաստ չունի ավելի լարել իրավիճակը»,- ասել է նա Անկարայում հուլիսի 22-ին: «Ես դիմում եմ գերմանացի պաշտոնյաներին. Մենք պետք է ավելի հանգիստ և զուսպ լինենք: Մենք հավատում ենք, որ խնդիրները հնարավոր է լուծել երկխոսության միջոցով»:

Օրեր անց, սակայն, մի բացահայտում ավելի բարդացրեց Թուրքիայի իրավիճակը։ Հուլիսի 24-ին Բեռլինում պաշտոնյաները բացահայտեցին, որ չնայած Էրդողանի կողմից ժխտմանը՝ Անկարան Ինտերպոլին գերմանական 681 ընկերությունների ցանկ է ներկայացրել, որոնց թվում են  Daimler-ի և BASF- ի նման հսկաները, և հայցել է գերմանական օգնությունը նրանց հետաքննելու համար: Թուրքերը հետագայում հանեցին ցուցակը: Օրվա վերջում Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարեց, որ «խոշոր հաղորդակցական սխալ» է տեղի ունեցել՝ պնդելով, որ գերմանական որևէ ընկերություն չի հետաքննվում:

Հուլիսի 27-ին Յըլդըրըմը գերմանական 19 առաջատար ընկերությունների ղեկավարներին հրավիրեց Անկարայում գտնվող Չանքկայա պալատ՝ շտապելով համոզել նրանց, որ Թուրքիայում իրենց գործունեությանը վտանգ չի սպառնում։

Նախագահի և վարչապետի տարբեր հայտարարություններն ի ցույց են դնում իշխանության շարքերում հակասությունը այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է վարվել Գերմանիայի հետ հարաբերություններում: Ըստ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ավագ պատգամավոր Էրդողան Թոփրակի՝ Յըլդըրըմը ավելի իրատեսական է գործում, քանի որ նրա քաղաքական հավակնությունները Էրդողանից ավելի ցածր են:

Իր անձնական կայքում արած հայտարարությունում Թոփրակը նշել է. «Այս ներքին բևեռացումը վնասակար է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար։ Այսօր Թուրքիան տարածաշրջանում և աշխարհում ունի միայն մեկ դաշնակից, որը Կատարն է»:

Գերմանիան Թուրքիայի առևտրային գլխավոր գործընկերներից է, և զգալի թվով գերմանացի զբոսաշրջիկներ են Թուրքիա մեկնում: Գերմանական որևէ պատժամիջոց շատ թանկ կարող է արժենալ Թուրքիայի համար, որը դեռ փորձում է հաղթահարել Մոսկվայի կիրառած պատժամիջոցները։ Եթե Գերմանիան համախմբի Եվրամիության մյուս անդամներին՝ միանալու իրեն, ապա վնասը կարող է հսկայական մասշտաբների հասնել։ Յըլդըրըմը հասկանում է ռիսկը և այդպիսով փորձում է գերմանացի ներդրողներին վստահեցնել, մինչդեռ Էրդողանը շարունակում է մնալ իր ագրեսիվ դիրքորոշմանը՝ որպես 2019 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի մաս։

Հուլիսի 27-ին ԱԶԿ-ի հանդիպման ժամանակ Էրդողանը պատգամավորներին ասաց. «Եթե ձեզնից որևէ մեկը հոգնած է, ապա պետք է մի կողմ քաշվի»։ Սա կարող է ցույց տալ, որ Էրդողանն անհանգստացած է ընտրություններում պարտվելու հարցում։ Այն նաև կարող է լինել ուղերձ Յըլդըրըմին, որ նա նույնպես պետք է մի կողմ քաշվի, եթե չի կարող Էրդողանի հետ համընթաց քայլել։ Ընդհանուր առմամբ՝ Գերմանիայի հետ լարվածությունը ԱԶԿ-ի շարքերում քաղաքական տարանջատում է առաջացրել: Եթե Յըլդըրըմը Թուրքիայի ազգային շահը գերադասի իր անձնական կամ կուսակցական շահից, դա կարող է հանգեցնել 2019-ից շուտ նրա պաշտոնազրկմանը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի