Տիգրան Եգորյանի դեմ բողոքն ուղղորդված է Փաստաբանների պալատի կողմից, պնդում «Ազատություն և հայրենիք»-ի նախկին տնօրենը

«Ազատություն և հայրենիք» հիմնադրամի նախկին տնօրեն Անի Կաղինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Փաստաբանական պալատում փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ։ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամը, ի դեմս նրա հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի, բողոք էին ներկայացրել Փաստաբանների պալատին այն պնդումով, որ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի, շահերը պաշտպանող փաստաբանների խումբը, մասնավորապես՝ Տիգրան Եգորյանը, պատշաճ չի իրականացրել նրա պաշտպանությունը։

նի Կաղինյանի տարածած հայտարարությունում ասվում է, որ Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրակականացնելու դիմում Արուսյակ Հայրապետյանը և Թեհմինե Ենոքյանը ներկայացրել են հենց Փաստաբանների գրասենյակի խորհրդատվությամբ: «Արուսյակն ինձ մեր բազմաթիվ քննարկումների ժամանակ ասել է, որ թե՛ Եգորյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու, թե՛ առհասարակ հիմնադրամի իրավաբանական խնդիրների հարցում լուրջ աջակցություն է ցուցաբերում ՀՀ Փաստաբանների պալատը»,- գրում է Անի Կաղինյանը։

Ըստ նրա՝ Արուսյակ Հայրապետյանը, որը «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, պատմել է, որ 2016թ. դեկտեմբեր ամսից ծանոթացել է պալատի փաստաբան Մարտուն Փանոսյանի հետ, որը նույն ամսին նրան հրավիրել է Փաստաբանների պալատ, որտեղ և նրանց համար կազմակերպվել է ջերմ ընդունելություն, ցույց են տվել շենքը, ներկայացրել պալատի աշխատանքը, երեսուն րոպեանոց հանդիպում է տեղի ունեցել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

Անի Կաղինյանը այնուհետև պատմում է, որ 2017թ. փետրվարից անձամբ ստացել և Արուսյակ Հայրապետյանին է փոխանցել Փաստաբանների պալատից ստացված նամակներ՝ կապված Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հետ:

«Այդ կապակցությամբ բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել Արուսյակի հետ ու եզրակացրել եմ, որ նրա ու Թեհմինեի կողմից կանխակալ վերաբերմունք կա Արթուր Սարգսյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանի նկատմամբ: Նրանց վերաբերմունքը միանշանակ չէր նաև Արթուր Սարգսյանի անձի նկատմամբ: Արուսյակ Հայրապետյանը հիմնադրամի բոլոր աշխատողներին և սատարողներին հորդորում էր չմասնակցել Հաց բերողին աջակցելուն ուղղված ակցիաներին նրա հացադուլի ընթացքում 2017թ․ փետրվար ամսին՝ պատճառաբանելով, որ դրանք ուղղորդված են իշխանության կողմից։ Բացի վերոգրյալից՝ նշեմ, որ Արուսյակ Հայրապետյանը հիմնադրամի տիրապետության տակ գտնվող և Արթուր Սարգսյանին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, որը պահվում էր առանձին թղթապանակով, պահում էր բացառապես իր տիրապետության տակ»,- գրել է Կաղինյանը։

Անի Կաղինյանը պնդում է նաև, որ Արուսյակ Հայրապետյանի պատմելով՝ գիտի, որ Փաստաբանների պալատի կողմից՝ իբրև հիմնադրամին աջակցող փաստաբանների համակարգող, նշանակվել էր փաստաբան Հարություն Հարությունյանը, որին, սակայն, Կաղինյանը անձամբ չի տեսել հիմնադրամում:

Ըստ Կաղինյանի՝ Հարությունյանի հետ կապը պահել են Թեհմինե Ենոքյանը և Հայկ (Գրիշա) Կոստանդյանը: «Փաստաբան Մարտուն Փանոսյանը, Արուսյակի ներկայացմամբ, ևս անձամբ օգնել է Եգորյանի դեմ դիմումը կազմելիս, հետագայում էլ ավելի գործուն աջակցություն է ցուցաբերել դիմումի լրացումը կազմելիս ու Փաստաբանների պալատ ներկայացնելիս: Մարտուն Փանոսյանին բազմաթիվ անգամ տեսել եմ հիմնադրամում, նա մասնակցել է նաև Արուսյակի որդու ծննդյան օրվա միջոցառմանը»,- գրել է Կաղինյանը։

Նա պնդում է, որ Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցում Արուսյակին ու Թեհմինեին փաստաբանական խորհրդատվություն է տվել նաև փաստաբան Հրանտ Անանյանը, իսկ վերջին շրջանում նաև՝ փաստաբան Հայկուհի Հարությունյանը:

«Ազատություն և հայրենիք» հիմնադրամը հիմնել է Ֆելիքս Հայրապետյանը՝ Արուսյակ Հայրապետյանի հայրը, 2016թ. օգոստոսի 17-ին Սասնա ծռեր խմբի գործողություններից հետո և կրել է Սասնա ծռեր անունը, որն այնուհետև անվանափոխվել է որպես «Ազատություն և հայրենիք»:

Հիմնադրամի հայտարարած գործունեության նպատակն է եղել բարոյական, հոգեբանական, ֆինանսական, իրավաբանական և բժշկական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին, հանիրավի ձերբակալվածներին և նրանց ընտանիքներին։

Ի պատասխան Անի Կաղինյանի՝ Փաստաբանների պալատը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ հերքելով, որ որևէ առնչություն է ունեցել Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելուն դիմում կազմելուն։

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտարարում է, որ նշված կարգապահական վարույթի շրջանակում որևէ աջակցություն կողմերից և որևէ մեկին չի ցուցաբերել և չի ցուցաբերում, փաստաբան Հարություն Հարությունյանին կամ որևէ այլ փաստաբանի Փաստաբանների պալատը հիմնադրամին աջակցող փաստաբանների համակարգող երբեք չի նշանակել և չէր էլ կարող նշանակել»,- ասված է հայտարարությունում:

Փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքն առ այն, որ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի փաստաբաններից Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության (Բեխտերևի հիվանդություն) առկայության մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ։ Դիմող կողմի տարածած տեղեկության վերաբերյալ Արթուր Սարգսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը և Դավիթ Գյուրջյանը մամուլով և ֆեյսբուքյան բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել են այս հանգամանքին՝ նշելով, որ հիմնադրամի կողմից տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և վնասում է իրենց բարի համբավը։ Հուլիսի 10-ին փաստաբանները հանդես են եկել ծավալուն մեկնաբանությամբ և նկարագրել, թե ինչ գործողություններ են իրականացրել Արթուր Սարգսյանի կալանքի ձևը փոխելու համար։

Տիգրան Եգորյանի ելույթը՝ հուլիսի 11-ին Փաստաբանների պալատում, իր դեմ ներկայացված բողոքի մասին

Արփի Մախսուդյան

Մեկնաբանել