Ադրբեջան․ բանկերը սնանկանում են, Ալիևները՝ հարստանում

Հետաքննական լրագրության զբաղվող վրացական Ifact.ge կայքը հոդված է հրապարակել Ադրբեջանում Ալիևների ընտանիքի մեծացող հարստության մասին՝ երկրում սնանկացող բանկերի ու տնտեսական դժվարությունների ետնապատկերում։

2016 թվականը շատ վատ տարի էր Ադրբեջանի բանկերի համար, սակայն դա ևս մեկ լավ տարի էր Ալիևի զավակ լինելու համար:

Նախագահ Իլհամ Ալիևի երեք երեխաների հետ կապ ունեցող բանկերի վերլուծությունը ցույց է տալիս, որ եռյակը չորս բանկերում դեռևս ունի վերահսկող բաժնետոմսեր, որոնցից 2016 թ. նրանք 82 մլն դոլար եկամուտ են ստացել: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի բանկային հատվածը 2016 թվականին կորցրել է 960 մլն դոլար:

Հուլիսին Ալիևների ընտանիքը ստացել է ևս 31 մլն դոլար` «ՎՏԲ-Ադրբեջան բանկի» 49 տոկոս բաժնետոմսերի համար. աղետալի մի գործարք, որը 2016 թ. գրեթե 80 միլիոն դոլարի վնաս է հասցրել բանկին։ Գնորդը հանդիսացել է «ՎՏԲ-Ռուսաստանը»՝ ՌԴ կառավարությանը պատկանող խումբը:

Ալիևի դուստրեր Լեյլան և Արզուն պահպանել են իրենց շահավետ վերահսկողությունը Kapital Bank-ում, Pasha Bank-ում և Xalq Bank-ում:

Այս ամենի վրա ծառացած է Ադրբեջանի միջազգային բանկի (IBA) աղետը: Նույնիսկ պետական բյուջեից շուրջ 8 միլիարդ դոլարի աջակցությունը բանկին չկարողացավ հետ պահել մայիսին սնանկ հայտարարվելուց, և վերջիվերջո հավանություն տրվեց վերակառուցել ավելի քան 3,5 միլիարդ դոլարի պարտքը արտասահմանյան տարբեր վարկատուներից:

IBA-ին է պատկանում է բանկային շուկայի 40 տոկոս մասնաբաժինը: Այն միշտ եղել է պետության կողմից վերահսկվող, բայց 2012-ի տնտեսապես առողջ տարում բանկի 32,5 տոկոս բաժնեմասը պատկանում էր անանուն սեփականատերերի (բանկը 2002-ից չի նշում մասնավոր բաժնետերերի անունները): Այժմ բանկի գումարներն արնահոսում են (2016թ․ կորուստը գնահատվում է 1,1 միլիարդ դոլար)։ Բանկի բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է կառավարությանը, ինչը նշանակում է, որ մասնավոր բաժնետերերի փոխարեն ազգային գանձարանի ուսերին է հսկայական կորստի բեռը:

Մեկնաբանել