Live blog. «Սասնա ծռերի» դատավարությունը, օգոստոսի 2

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է ընթանալ «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստը: ՍիվիլՆեթը հետևում ծավալվող իրադարձություններին՝ հետադարձ ժամանակագրությամբ։

17:07

Դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով`  արձակուրդների պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին:

15:04

Փաստաբան Արա Զաքարյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան ներկա մյուս փաստաբանները: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` քննարկելու միջնորդությունը:

Նիստը հետաձգվեց մեկ ժամով:

14:40

Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատարանը դատական սանկցիա կիրառեց հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանի նկատմամբ` պատասխանատվության ենթարկելու համար դիմելով փաստաբանական պալատ:

Դատարանը նաև ընթերցեց կարգադրիչի զեկույցը, ըստ որի` քաղաքացի Պավել Եզիազարյանն անվայել արտահայտություն է արել դատավորի հասցեին, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ:

Դատարանը որոշեց վերջինիս նկատմամբ կիրառել դատական սանկցիա` դատական նիստի դահլիճից հեռացում մինչև դատական քննության ավարտը:

13:55

Դատարանն արձանագրեց, որ Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն արդեն յոթերորդ անգամ չի ներկայանում նիստերի դահլիճ, ինչի համար հրավիրվել է հանրային պաշտպան: Կյուրեղյանը հրաժարվեց վերջինիս ծառայությունից:

Դատարանն այնուամենայնիվ որոշեց ներգրավվել հանրային պաշտպանին, սակայն վերջինս հրաժարվեց պաշտպանել Կյուրեղյանի շահերը` հաշվի առնելով, որ վերջինս չի ցանկանում այլ պաշտպան ունենալ:

«Նրա չհամաձայնելը հիմք չի և ես ձեզ թույլ չեմ տալիս լքել նիստերի դահլիճը»,- ասաց դատավորը:

Հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանը լքեց նիստերի դահլիճը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` փաստաբանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու:

12:24

Այս պահին քննարկվում է «Սասնա ծռեր» խմբի երեք անդամների սանկցիայի վերացման միջնորդությունը: Դատարանը քննարկելով ներկայացված միջնորդությունը մերժեց այն, նիստն ընդմիջվեց 15 րոպեով:

12:03

Այսօրվա դատական նիստին ներկա չեն փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը, Արա Ղարագյոզյանը, Լուսինե Սահակյանը, որոնք արձակուրդի վերաբերյալ դիմում ունեն:

Ներկա չեն նաև փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Տիգրան Հայրապետյանը և Հայկ Ալումյանը, որոնց մասին տեղեկություններ չկան: Հայկ Ալումյանը դիմում է ներկայացրել, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն արձանագրեց, որ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Ալումյանն արդեն յոթերորդ նիստն է, չի կարողանում ներկայանալ: Դատարանն այս կապակցությամբ դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ, սակայն Բարսեղյանն այլ պաշտպան չի ցանկանում ունենալ:

 Սմբատ Բարսեղյանը հրավիրվեց դահլիճ և ասաց. «եթե չի ներկայանում նիստերին, ես ոչ մի խնդիչ չունեմ»,- ասաց Բարսեղյանը: