Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է ընթանալ «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստը: ՍիվիլՆեթը հետևում ծավալվող իրադարձություններին՝ հետադարձ ժամանակագրությամբ։
17:07
Դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով` արձակուրդների պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին:
15:04
Փաստաբան Արա Զաքարյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան ներկա մյուս փաստաբանները: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` քննարկելու միջնորդությունը:
Նիստը հետաձգվեց մեկ ժամով:
14:40
Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատարանը դատական սանկցիա կիրառեց հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանի նկատմամբ` պատասխանատվության ենթարկելու համար դիմելով փաստաբանական պալատ:
Դատարանը նաև ընթերցեց կարգադրիչի զեկույցը, ըստ որի` քաղաքացի Պավել Եզիազարյանն անվայել արտահայտություն է արել դատավորի հասցեին, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ:
Դատարանը որոշեց վերջինիս նկատմամբ կիրառել դատական սանկցիա` դատական նիստի դահլիճից հեռացում մինչև դատական քննության ավարտը:
13:55
Դատարանն արձանագրեց, որ Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն արդեն յոթերորդ անգամ չի ներկայանում նիստերի դահլիճ, ինչի համար հրավիրվել է հանրային պաշտպան: Կյուրեղյանը հրաժարվեց վերջինիս ծառայությունից:
Դատարանն այնուամենայնիվ որոշեց ներգրավվել հանրային պաշտպանին, սակայն վերջինս հրաժարվեց պաշտպանել Կյուրեղյանի շահերը` հաշվի առնելով, որ վերջինս չի ցանկանում այլ պաշտպան ունենալ:
«Նրա չհամաձայնելը հիմք չի և ես ձեզ թույլ չեմ տալիս լքել նիստերի դահլիճը»,- ասաց դատավորը:
Հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանը լքեց նիստերի դահլիճը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` փաստաբանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու:
12:24
Այս պահին քննարկվում է «Սասնա ծռեր» խմբի երեք անդամների սանկցիայի վերացման միջնորդությունը: Դատարանը քննարկելով ներկայացված միջնորդությունը մերժեց այն, նիստն ընդմիջվեց 15 րոպեով:
12:03
Այսօրվա դատական նիստին ներկա չեն փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը, Արա Ղարագյոզյանը, Լուսինե Սահակյանը, որոնք արձակուրդի վերաբերյալ դիմում ունեն:
Ներկա չեն նաև փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Տիգրան Հայրապետյանը և Հայկ Ալումյանը, որոնց մասին տեղեկություններ չկան: Հայկ Ալումյանը դիմում է ներկայացրել, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն արձանագրեց, որ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Ալումյանն արդեն յոթերորդ նիստն է, չի կարողանում ներկայանալ: Դատարանն այս կապակցությամբ դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ, սակայն Բարսեղյանն այլ պաշտպան չի ցանկանում ունենալ:
Սմբատ Բարսեղյանը հրավիրվեց դահլիճ և ասաց. «եթե չի ներկայանում նիստերին, ես ոչ մի խնդիչ չունեմ»,- ասաց Բարսեղյանը: