Ուկրաինայի անջատողականները պատրաստ են քաղաքացիություն տալ օդաչու Ակոպովին

Ռուսական «Իզվեստիա» թերթը գրում է, որ Ուկրաինայի անջատողական Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների իշխանությունները պատրաստ են քաղաքացիություն տալ ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովին, որը, ըստ նրանց, հալածվում է ուկրաինական ազգայնականների կողմից՝ ֆեյսբուքյան իր էջում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկարի համար: Ակոպովը օրեր առաջ Ստամբուլում հաջողությամբ վայրէջք էր կատարել թուրքական Atlas ավիաընկերության՝ կայծակից ու կարկուտից վնասված օդանավը, ինչի համար Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շքանշանի է շնորհել նրան։

Ակոպովը Ստամբուլում փրկել էր 120 ուղևորների կյանքը՝ հաջողությամբ իջեցնելով օդանավը, որը ծանր կարկտահարության տակ էր ընկել։

«Մենք անկասկած պատրաստ ենք աջակցություն և Դոնեցկի ժողովրդական հանրապետության քաղաքացիություն տրամադրել Ակոպովին։ Ես կարծում եմ՝ Ռուսաստանը ետ չի կանգնի նրանից։ Հարյուրավոր մարդկանց կյանքը փրկած օդաչուն ենթարկվում է հետապնդումների։ Այս պայմաններում, մենք պատրաստ ենք նրան անհրաժեշտության դեպքում աջակցել»,- ասել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության ազգային խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինը։

Այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Արիության շքանշանով պարգևատրեց Ալեքսանդր Ակոպովին՝ օդաչուի ինքնությունը գրավեց հասարակության և ԶԼՄ-ների ուշադրությունը: Ազգայնականները սկսեցին մեղադրել, որ նա ենթադրաբար «բարիկադների մյուս կողմում» է, և սկսեցին նրան անվանել «անջատողական»՝ ֆեյսբուքյան էջում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի լուսանկարը տեղադրելու համար։ Օդաչուի հասցեին հնչեցին սպառնալիքներ և վիրավորանքներ: Նա հայտարարել է, որ էջում պարզապես դրել էր Լավրովի նկարը՝ նրա հետ արտաքին նմանության պատճառով։

Հարձակումները հասան այնպիսի մակարդակի, որ դրան արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ ուրախ կլինեն տեսնել Ակոպովին Ռուսաստանում։

Մեկնաբանել