Վրաստանում վախենում են Պուտինի ներխուժումից․ Bild

Գերմանական Bild պարբերականը գրել է, որ Վրաստանում վախենում են Ռուսաստանի նոր ներխուժումից։ Հոդվածը թարգմանաբար ներկայացրել է Inopressa.ru կայքը։

Ռուսաստանի` Վրաստան ներխուժումից և վրացական մարզեր Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացումից ինը տարի անց՝ ՆԱՏՕ-ն Վրաստանում անցկացնում է «Արժանի գործընկեր» (Noble Partner) անվամբ զորավարժություններ։

Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 12-ը. դրանց առաջին անգամ մասնակցում է Բունդեսվերը՝ Գերմանիայի զինված ուժերը։ Գերմանիան, ինչպես հաստատել է Բունդեսվերի ներկայացուցիչը, Վրաստան է ուղարկել 60 զինվոր և վեց զրահապատ մեքենա: Ընդհանուր առմամբ, այս զորավարժություններին մասնակցում են 2800 զինվորական՝ ութ մասնակից երկրներից՝ Միացյալ Նահանգներից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Սլովենիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Հայաստանից և Վրաստանից:

«Վերջին երեք տարիների ընթացքում ամենալայնամասշտաբ բազմազգ զորավարժությունների անցկացման պատճառը «Ռուսաստանի աճող սպառնալիքն է»: Ոչ միայն «Ղրիմի շարունակվող բռնակցումը և Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում, այլև «Զապադ»անվամբ հարյուր հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունները անհանգստացնում են Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների և նրանց ստիպում վախով հետևել Պուտինի քայլերին», – ընդգծում է պարբերականը:

Բունդեսվերը հաստատել է, որ «խոսքը Վրաստանի տարածքների պաշտպանության սցենարների մասին է»: Միևնույն ժամանակ, չի մեկնաբանվել, թե ումից է «անհրաժեշտ պաշտպանել Վրաստանի տարածքը»: Բայց սկզբունքորեն դա այնքան էլ մեծ գաղտնիք չէ։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վրաստան կատարած այցի ժամանակ ասել է. «Մեզնից ընդամենը 40 մղոն հեռավորության վրա, Վրաստանի՝ օկուպացված Հարավային Օսիայում գտնվում են ռուսական տանկերը։ Այսօր Ռուսաստանը շարունակում է օկուպացված պահել Վրաստանի տարածքի մեկ հինգերորդ մասը։  Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են Վրաստանի ռուսական օկուպացիան»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի