Մարզպետարանները 2018-ի ապրիլից նոր կարգավիճակ են ձեռք բերելու․ փոխնախարար

Անցյալ ամիս տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ նշանակվեց Վարազդատ Կարապետյանը։ Կարապետյանը մինչ այդ ղեկավարում էր Տարածքային զարգացման հիմնադրամը։ ՍիվիլՆեթի հետ նա խոսում է Երևանի և մարզերի միջև անհամաչափ զարգացումը հարթելու, մարզպետարանների ու համայնքների դերի և համայնքների խոշորացման մասին։

– Պարոն Կարապետյան, Երևանի ու մարզերի միջև զարգացման տարբերությունը մեծ է։ Հայաստանի ՀՆԱ-ի կեսից ավելին ստեղծվում է Երևանում։ Ինչպե՞ս եք պատկերացնում տարածքային համաչափ զարգացման խնդրի լուծումը։

– Անցյալ տարի Եվրամիության փորձագետների աջակցությամբ մշակվել է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մինչև 2025 թվականը։ Հիմա մենք աշխատում ենք դրա գործողությունների ծրագրի վրա ու մեկ ամսից մեր գործողությունների ծրագիրը պատրաստ կլինի։ Դրանք գործողություններ են, որոնք միտված են անհամաչափությունների վերացմանը։ Բոլորս գիտենք, որ ծառայությունների, արտաքին առևտրի ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է Երևանում։ Մշակված կան մի քանի առանցքային գործողություններ, որոնք պետք է նպաստեն անհամաչափության վերացմանը։ Առաջինը ենթակառուցվածքներն են․ խնդիրը ոչ թե այն է, թե մենք ի՞նչ ենք անում, այլ ինչպե՞ս ենք անում։ Ինչպե՞ս ենք մենք փորձում ուժեղացնել տեղի կառույցները, որ նրանք կարողանան ինքնուրույն ծրագրեր ստեղծել, դրանք առաջ մղել ու ֆինանսավորում գտնել։ Տեղի կարողությունները բավական թույլ են, ու դրա համար պետք է ստեղծենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան համայնքներին դառնալ ծրագրեր իրականացնող մարմիններ։

– Այս տեսակետից արդարացված չէ՞ արդյոք որոշ տարածքներում հարկային որոշ արտոնությունների տրամադրումը։ Օրինակ՝ Գյումրիի օդանավակայանում օդի հարկից ազատումը բերեց նրան, որ ռուսական մի շարք ավիաընկերություններ մուտք գործեցին շուկա ու Գյումրիից սկսեցին թռիչքներ իրականացնել;

– Հարկային արտոնությունների մեծ շղթաներ գործում են սահմանամերձ հատվածներում, բայց մենք չենք տեսնում այդ հատվածներում տնտեսական ակտիվացում։ Դա նշանակում է, որ հարկը չէ այն շարժառիթը, որ մարդիկ կորոշեն գործունեություն իրականացնել։ Պետք է ընդհանուր ենթակառուցվածքը կարգավորել, որ գործարարը կամ ֆերմերը որոշի այդ տարածքում ներդրում անել։ Հարկը կարող է ընդամենը իր ծախսը մի փոքր նվազեցնել, բայց դա չնչին փոխհատուցում է այն մեծ անհամաչափության համեմատ, որ կա՝ ջրի, ինտերնետի, շուկաների, տրանսպորտային ենթակառուցվածքների հարցում։ Մարդկանց պետք է գիտելիք՝ ինչ անել, եթե կարտոֆիլը հիվանդացել է կամ, եթե ծղոտը լցրել ենք դաշտում, դրա օգտագործման ինչ տարբերակներ կան։ Այսինքն, խոսքը ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածքները, այլև դրանց աջակից ենթակառուցվածքները վերականգնելու մասին է։ Դա մարդկանց հնարավորություն կտա ավելի լավ ու լայն մտածել, տեսնել ու դրանից հետո միայն խոսել հարկային գործոնների մասին։ Համայնքն ինքն էլ կարող է հարկային արտոնություն տալ բիզնեսին՝ ազատելով գույքի կամ հողի հարկից։

Հարկը չէ այն շարժառիթը, որ մարդիկ կորոշեն գործունեություն իրականացնել համայնքներում։ Պետք է ընդհանուր ենթակառուցվածքը կարգավորել, որ գործարարը կամ ֆերմերը որոշի այդ տարածքում ներդրում անել

– Պարոն Կարապետյան, երբ խոսում ենք հարկային եկամուտների մասին, հարկ է շեշտել, որ համայնքներում հարկատեսակներից հիմնականում մնում են միայն գույքահարկն ու հողի հարկը, իսկ եկամտահարկի ընդամենը 15 տոկոսը։ Ինչո՞ւ եկամտահարկի այս շեմը չի բարձրացվում ու հասցվում, օրինակ, 50 տոկոսի, որը համայնքից դուրս չի գա ու կմնա համայնքի բյուջեում։ Նույն հարցը վերաբերում է մյուս հարկատեսակներին։

– Համայնքների ղեկավարներին տնտեսական դրդապատճառներ են պետք, որ իրենք տնտեսության զարգացմամբ զբաղվեն։ Այո՛, դրա համար պետք է որոշակի հարկատեսակներ գնան տեղական բյուջե, ու ես ոչ թե հողի հարկի ու գույքահարկի մասին եմ խոսում, այլ բոլորովին ուրիշ եկամտից կախված հարկատեսակների։ Սկզբի համար դա կարող է լինել շրջանառության հարկը, հաստատագրված վճարը, շահութահարկի ինչ-որ մի տոկոս։ Սա այն քայլերից է, որ մենք պատրաստվում ենք 2018թ․ իրականություն դարձնել։

– Ձեր պատկերացմամբ, տարածքային զարգացմամբ պայմանավորված, ի՞նչ դեր են ունենալու մարզպետարանները։

– Մարզպետարանները՝ որպես հիմնարկներ, 2018թ․ ապրիլից նոր կարգավիճակ են ձեռք բերելու։ Ո՞րն է լինելու նրանց նոր կարգավիճակը։ Նրանց ֆունկցիոնալ նշանակության հարցը հիմա մշակվում է, բայց որ ինքը պետք է լինի էական դերակատար մարզի զարգացումը ապահովելու հարցում ու պետք է լինի զարգացման պատասխանատուն, միանշանակ է։ Առողջապահական, կրթական հաստատությունների՝ մարզպետարանի ենթակայության տակ մնալու հարցը դեռ քննարկվում է։ Մարզպետարանը պետք է համայնքին առաջնային օժանդակող մարմին լինի։ Հնարավոր է՝ լիազորությունների սահմանափակում, բայց առաջնային լիազորության վերապահում տարածքային զարգացման համար։ Մարզպետարաններն իրենք էլ զարգացման կարիք ունեն, ու այդ գործընթացն արդեն սկսվել է։ Մարզպետարաններն էլ պետք է կարողանան զարգացման ծրագրեր մշակել, ֆինանսավորում գտնել։ Հիմա, մեր մտածած նախագծով, համայնքապետարանը պետք է կարողանա ոչ թե անհայտ ճանապարհներով դիմել ու ստանալ միջոցներ իրենց ճանապարհների ու մյուս ենթակառուցվածքների համար, այլ պետք է ծրագիր գրի ու դիմի կառավարությանը։

– Բայց հենց այստեղ է, երբ համայնքը ծրագիրը բերում ու ներկայացնում է կառավարությունը, համայնքի ինքնուրույնությունն ու ինքնակառավարման սկզբունքը խամրում է։ Ինչո՞ւ պիտի ինքնակառավարվող համայնքը ծրագիրը բերի ու ներկայացնի կառավարությանը, եթե ինքը կարող է ծրագիրը գրել ու տանել ներդրողին կամ միջազգային կազմակերպությանը։

– Շատ լավ, ինքը կարող է այդ ծրագիրը տանել միջազգային կազմակերպություններին, նաև կարող է գնալ մասնավոր ներդրողներ գտնելու, բայց կառավարությունն ինքն էլ մի պատուհան կբացի, որ համայնքը գրեթե նույն ֆորմատով կարող է դիմել։ Համայնքները պետք է հասկանան, որ ինչ-որ մի պահի USAID-ն կամ Եվրամիությունը կարող են որոշել չֆինանսավորել, օրինակ՝ ջրագծերի կառուցումը, բայց դա մեր երկրում կարևոր գործառույթ է, ու կառավարությունը պետք է մշտապես այդ աղբյուրը բաց պահի։

– Դուք նախկինում վերապահումներ ու մտահոգություններ ունեիք համայնքների խոշորացման վերաբերյալ։ Ի՞նչ կարող եք ասել այդ գործընթացի մասին այժմ։ Շարունակու՞մ եք մնալ ձեր հին կարծիքին համայնքների խոշորացման հարցում։

– Համայնքների խոշորացումը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Օրինակ, եթե վերցնենք Շիրակի մարզի Արփի համայնքը, այnտեղ տասը փոքր համայնք միացած են իրար, բայց ոչ մի բան նրանց կյանքում դեպի լավը չի կարող փոխվել, որովհետև եթե տասը փոքրը դու միացնում ես, դա չի նշանակում, որ դու կարողություն ես զարգացնում։ Բայց եթե այդ տասը փոքրը միացնում ես մեկ մեծի, որն իր հետևից կարող է քաշել մյուս բոլորին, դա դրական է։ Եթե մենք կարողանում ենք խոշորացմամբ հարց լուծել, դա դրական է, բայց եթե մենք տասը փոքրը միացնում ենք իրար, դա սխալ մոդել է։ Ձեր այս հարցին ես մի կողմից պատասխանեցի որպես փորձագետ, մյուս կողմից որպես պետական պաշտոնյա։ Որպես փորձագետ իմ կարծիքը մնացել է հետեւյալը․ եթե փոքր համայնքները միացնում ենք իրար՝ ակնկալելով դրական արդյունքներ, այդպես չի լինելու։ Մենք միավորումից առաջ պետք է հասկանանք, թե այդ միավորումը ինչի շուրջ է լինելու։

– Պարոն Կարապետյան, նույն Շիրակի մարզում մի փոքր անհասկանալի է մնում, թե ինչու է, օրինակ, խոշորացվում Բասենը։ Այս համայնքը բավական հայտնի է, համայնքում կան ջերմատներ, մեծապես օտագործվում է արևի էներգիան, հիմնվել է բիոգազի արտադրամաս ու այլ նորարարություններ են արվել։ Ինչո՞ւ է խոշորացվում համայնքը, որը կարողանում է այլ կազմակերպությունների միջոցով ծրագրեր իրականացնել, զարգանալ։

– Բասենը Ախուրյանի խոշորացվող փնջում է, ու այդ փնջում են համայնքներ, որոնք ունեն մոտավորապես նույն պրոբլեմները, նույն տնտեսական մարտահրավերները, ժողովուրդը նույն ձևով է մտածում։ Այն, որ Բասենը դրական օրինակ է, դա մյուս համայնքների մեջ կարող է վարակիչ լինել։ Հետո, օրինակ, Բասենի ղեկավարը կարող է դառնալ խոշորացված համայնքի ղեկավար։ Բասենի համար խոշորացումը կարող է և՛ դրական լինել, և՛ բացասական, բայց իրենք ստեղծել են Բասենի զարգացման հիմնադրամ՝ հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու համար։ Պատկերացրեք՝ եթե խոշորացումը բացասական լինի, իրենք իրենց հիմնադրամով ապահովագրել են։ Բայց կարծում եմ, որ Բասենը փնջում կարող է դրական ազդեցություն ունենալ։

Զրուցել է Մկրտիչ Կարապետյանը