Անջատողականներ Կալիֆոռնիայում․ ո՞վ է նրանց աջակցում

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի անջատողականները երկրորդ անգամ են փորձում աջակցություն ստանալ  քվեարկության նախաձեռնության համար՝ հուսալով, որ այն կարող է ճանապարհ բացել ԱՄՆ-ից դուրս գալու համար: Eurasianet.org կայքում հոդվածագիր Քեյսի Միշելը (Casey Michel) գրում է, որ շարժումը կարծես կապ ունի Ռուսաստանի հետ։

Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հուլիսի վերջին «Կալէքզիտ» անվանումը կրող անջատողական շարժման առաջնորդներին թույլտվություն տվեց ստորագրություններ հավաքել՝ հարցը 2018թ. Նահանգային քվեարկության դնելու համար։ Որոշումը վերակենդանացման նոր ալիք բարձրացրեց «Կալէքզիտ»-ի կողմնակիցների շրջանում։ Գարնանը քվեարկության նախաձեռնության փորձերը ձախողվել էին այն բանից հետո, երբ հայտնաբերվել էր, որ շարժման նշանավոր գործիչներից՝ «Այո Կալիֆոռնիա» (YesCalifornia) կոչվող կազմակերպության ղեկավար Լուի Մարինելին ապրում էր Ռուսաստանում և սերտ կապեր ուներ Կրեմլի կողմից ֆինանսավորվող մի խմբի հետ: Այս հակասության պայմաններում Մարինելին հայտարարեց, որ այլևս չի ղեկավարի «Այո Կալիֆոռնիան»։

Բայց հիմա նա կարծես վերադարձել է իր ազդեցության դիրքին: Դեռ բնակվելով Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում՝ նա հուլիսին լռելյայն կրկին միացավ «Այո Կալիֆոռնիա» խմբին՝ որպես խմբի խորհրդի մշտական անդամ:

Լինելով Նյու Յորքից՝ Մարինելին հայտարարել է, որ տեղափոխվել է Ռուսաստան, քանի որ, ի թիվս այլ բաների, Կալիֆոռնիայում տան վարձավճարը չափազանց բարձր էր:

Որևէ փաստ չկա, որ Կրեմլն ուղղակիորեն ֆինանսավորում է «Կալէքզիտ» նախաձեռնությունը կամ ԱՄՆ-ում նմանատիպ այլ նախաձեռնություններ։ Սակայն Կրեմլի աջակցությունը վայելող Ռուսաստանի հակագլոբալիզացիոն շարժումը (AGMR) օգնել է անջատողական տրամադրված ամերիկացիներին: Անցյալ տարվա դեկտեմբերին, օրինակ, Մարինելին արտասահմանում բացեց առաջին «Կալիֆոռնիայի դեսպանատունը», որը գտնվում էր Մոսկվայում՝ Ռուսաստանի հակագլոբալիզացիոն շարժման կողմից անվճար տրամադրված գրասենյակում։

«Կալէքզիտերները» պետք է ավելի քան 500 հազար ստորագրություն հավաքեն՝ հարցը 2018 թվականի քվեարկության դնելու համար։ Նույնիսկ եթե նրանք հաջողության հասնեն, Կալիֆոռնիայի անջատումը ԱՄՆ-ից դեռ շատ երկար գործընթաց է։ Նախ, ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ որևէ նահանգի՝ ԱՄՆ-ից միակողմանի դուրս գալը հակասահմանադրական է: Այսպիսով, Սահմանադրությունը պետք է փոխվի, որպեսզի Կալիֆոռնիան կամ որևէ այլ նահանգ կարողանա օրինական ճանապարհով անկախություն հաստատել։

Սակայն նույնիսկ եթե «Կալէքզիտները» չհասնեն իրենց նպատակներին, նրանք, գիտակցաբար կամ անտեղյակորեն, օգնում են առաջ մղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը` խառնաշփոթ սերմանելով արևմտյան ժողովրդավարական համակարգերում:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի